04/09/2024 13:07
Ադրբեջանը ևս զինվում է և եթե մտահոգություն կա, ապա ՀՀ-ի՝ փոխադարձ վերահսկողության մեխանիզմ ներդնելու առաջարկը շատ տրամաբանական է. Սարգիս Խանդանյան
Նման գնահատական չէի տա՝ հաշվի առնելով այն, որ պրոցեսն ընթացքի մեջ է, Հայաստանն ուղարկել է Խաղաղության պայմանագրի հերթական՝ 10-րդ խմբագրումը։ Այստեղ մենք կարևոր քայլ ենք արել և բոլոր գրեթե համաձայնեցված հոդվածները թողնելով պայմանագրի մեջ, առաջարկում ենք Ադրբեջանին ստորագրել այն. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ պատասխանելով այն հարցին, որ գործընթացը առկախված վիճակում է։
«Կարծում եմ, Խաղաղության պայմանագրի առանցքային մասը համաձայնեցված է, և նաև բովանդակային առումով դրանք շատ կարևոր են, այսինքն, հնարավոր է այդպիսով ունենալ Խաղաղության պայմանագիր և ստորագրել։ Հիմա գնդակը Ադրբեջանի դաշտում և Ադրբեջանը պետք է պաշտոնապես արձագանքի սրան, պաշտոնական առաջարկներով, բայց նաև պիտի հաշվի առնենք, որ այն ինչ ուղարկել է Հայաստանը՝ համաձայնեցված է և այստեղ քաղաքական կամքի հարց է ստորագրելու»,-ասաց նա։
Անդրադառնալով Հայաստանի զինվելու վերաբերյալ Ադրբեջանի վերջին պահանջների մասին, Խանդանյանը նշեց, որ Բաքուն ևս զինվում է․ «Հայաստանի պաշտպանական կարիքները բավարարելու ու խնդիրները լուծելու գործողությունները Հայաստանի սուվերեն որոշումն է, երրորդ կողմը չի կարող ՀՀ-ին ստիպել կամ պահանջել սպառազինություն ձեռք չբերել։ ՀՀ-ն հստակ առաջարկ է արել Ադրբեջանին, որ սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ ներդրվի, որը անարձագանք է մնացել։ Պիտի հաշվի առնենք, որ Ադրբեջանը ևս զինվում է, եթե այնտեղ մտահոգություն կա, այստեղ էլ ավելի շատ մտահոգություն կա, դրա համար ՀՀ առաջարկը տրամաբանական է»,-ասաց նա։