04/09/2024 16:21
Զանգեզուրի միջանցք չի լինի, ՌԴ ԱԳՆ-ն մոլորության մեջ է. Tasnim գործակալություն
Իրանական Tasnim գործակալությունը վերլուծել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ ռուսական Առաջին ալիքին տված հարցազրույցը, որտեղ նա հայտարարել էր. «Մենք կողմ ենք Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Ցավոք, Հայաստանի ղեկավարությունը խոչընդոտում է Սյունիքում հաղորդակցությունների վերաբերյալ վարչապետ Փաշինյանի ստորագրած համաձայնության կատարմանը»։
Գործակալությունը նշում է, որ ՌԴ ԱԳՆ-ի այդ դիրքորոշումը զլմ-ներում տարբեր մեկնաբանությունների և «Զանգեզուրի միջանցքը» բացելու՝ Ռուսաստանի ցանկության մասին տարբեր ենթադրությունների առիթ է տվել․
«Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի պաշտոնյաների հետ հանդիպումներում բազմիցս հայտարարել են, որ Թեհրանը դեմ է այդ միջանցքին, որը սահմանների և տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունների կհանգեցնի։ Ռուսաստանի այդ դիրքորոշման նկատմամբ զգայունությունն ուժգնացավ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի վերջին հայտարարություններից հետո։ Մասնավորապես, Զախարովան հայտարարել էր. «Զանգեզուրը երթուղի է, որը կարող է Ադրբեջանը Սյունիքի միջոցով կապել Նախիջևանին, և դրա ապաշրջափակումը կքննարկվի եռակողմ բանակցությունների շրջանակներում»։ Պատասխանելով այդ կապակցությամբ Իրանի մտահոգության մասին հարցին՝ Զախարովան հայտարարել էր. «Մենք տեսել ենք իրանական կողմի մտահոգությունը, բայց պարզաբանման համար պետք է դիմեք Թեհրանին։ Այդ հարցով Մոսկվայի դիրքորոշումը հստակ է։ Ելնում ենք նրանից, որ որոշումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ադրբեջանի և տարածաշրջանի հարևանների համար»։
Վերջին քննարկումներից Իրանը դիվանագիտական միջոցներ է ձեռնարկել՝ ռուսական կողմին անհրաժեշտ ուղերձ փոխանցելու համար։ Մասնավորապես, Իրանի ԱԳ նախարարի օգնական Մոջթաբա Դեմիրչիլուն Թեհրանում ՌԴ դեսպանի հետ հանդիպմանը նշել է ազգային ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և երկրների փոխադարձ շահերի հարգման, Կովկասում տարածաշրջանային համագործակցության հիմքերի և կայուն խաղաղության ապահովման անհրաժեշտությունը»։
Գործակալության հրապարակած հոդվածում մի քանի արձանագրումներ ու խորհուրդներ են ձևակերպված, որոնք ոչ միայն ներկայացնում են իրանական քաղաքական ընտրանու դիրքորոշումները, այլև ՌԴ վարած քաղաքականության նկատմամբ ընկալումները։ Radar Armenia-ն ներկայացնում է հոդվածում ընդգծված 7 հիմնարար կետերը։
. Առաջին հերթին, ՌԴ ԱԳՆ-ն Իրանի սպասելիքներին հակասող հայտարարություններ է անում։ Ռուսաստանը մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյաների միջոցով տեղեկացված է եղել Իրանի հստակ և ճիշտ դիրքորոշման մասին, որի համաձայն՝ մենք դեմ ենք Զանգեզուրի և այլ միջանցքների բացմանը։
. Երկրորդ հերթին, Ռուսաստանի իշխանությունները հիանալի հասկանում են, որ ԻԻՀ-ը, որպես անկախ երկիր, որն ունի հստակ դիրքորոշում՝ կապված տարածաշրջանային իրադարձությունների հետ, մշտապես դեմ է Ամերիկային, Արևմուտքին և բոլոր նրանց, որոնք ձգտում են գերիշխող դիրք զբաղեցնել, և Իրանում Իսլամական հեղափոխությունից հետո պատմական իրադարձությունները հաստատում են Թեհրանի հիմնական ռազմավարությունն՝ ընդդեմ գլոբալ խաբեբաների։
. Երրորդ, Իրանը չի ընդունի իր սահմանների մոտ որևէ փոփոխություն։
. Չորրորդ, Հարավային Կովկասի ոչ մի երկրի անվտանգությունն ու աշխարհաքաղաքական դիրքը, ոչ մի կանոնի համաձայն, չունի առավելություն մյուս երկրների նկատմամբ։ Եվ ինչո՞ւ են մեր ռուսաստանցի բարեկամները կարծում, թե կարող են Զանգեզուրի միջանցքն օգտագործել՝ Հայաստանի հետ իրենց խնդիրները լուծելու համար։
. Հինգերորդ, երբ Ռուսաստանը պատերազմում էր Ուկրաինայի հետ, ամերիկացիները ցանկություն հայտնեցին ճանապարհ բացել Հարավային Կովկասում։ Իսկ ԻԻՀ-ն միայնակ դիմակայեց ՆԱՏՕ-ին և Ամերիկային։ Ինչո՞ւ է հենց հիմա Ռուսաստանը հայտարարում այդ մասին, երբ Իրանը հայտնել է իր հստակ դիրքորոշումը, որն ընդունում են կողմերը։ Իրապես զարմանք է առաջացնում այս հարցը։
. Վեցերորդ, երկու երկրների իշխանությունները պատրաստվում են ռազմավարական հարաբերություններ կնքել, և դա ԻԻՀ կամքի դրսևորման նշան է։ Հաշվի առնելով պարոն Պուտինի և ԻԻՀ բարձրաստիճան պաշտոնյաների հստակ և կարևոր պայմանավորվածությունները՝ ՌԴ ԱԳ նախարարի նման դիրքորոշումը զարմանք է առաջացնում։ Կարծես, «ռազմավարական հարաբերություններ» հասկացությունը պետք է վերասահմանել ՌԴ ԱԳ նախարարի համար։
. Յոթերորդ, այժմ տպավորություն է ստեղծվում, թե ՌԴ ԱԳ նախարարը մոլորվել է և կարծում է, որ իր շահերից է բխում Հայաստանի հետ խնդիրները լուծելը՝ օգտագործելով Զանգեզուրի միջանցքը, որը չի ստեղծվի Իրանի դիմակայության շնորհիվ։
Գործակալությունը հիշեցնում է, որ այդ միջանցքը փակում է դեպի Եվրոպա Իրանի դարպասներից մեկը։
Ամփոփելով՝ Tasnim-ում հրապարակված հոդվածում ընդգծվում է, որ եթե ուզում են միջանցք բացել, արևմուտքը անպայման կդիմադրի, և այդ ժամանակ այս հակամարտությունը սրման նոր օջախ կստեղծի Իրանի հյուսիսարևմտյան զգայուն սահմանների մոտ․ «Եթե որևէ երկիր կարծում է, թե կարող է իր սահմաններից դուրս լուծել իր խնդիրները՝ հակամարտությունների նոր օջախներ ստեղծելով, ապա աշխարհում ոչ մի վայր անվտանգ չի լինի, և շարունակական քաոս կտիրի»։