04/09/2024 12:18
Սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը համապատասխանում է ԵԱՀԿ ուղեցույցին. նախարար
Կառավարությունը սեպտեմբերի 5-ին հաստատելու է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, որից հետո փաստաթուղթը ուղարկվելու է Սահմանադրական դատարան, լրագրողների հետ զրույցում ասել է Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
Հարցին՝ արդյո՞ք Ադրբեջանը սկսել է կանոնակարգի հաստատման գործընթացը, ի՞նչ տեղեկություն ունի այս մասով, Մինասյանը պատասխանել է․ «Ճիշտ կլինի, որ այս մասով սահմանափակվենք այն հայտարարություններով, որոնք ունենք։ Կա կանոնակարգ, որը առաջիկա հինգշաբթի օրը որպես միջազգային պայմանագրի նախագիծ հաստատվելու է կառավարության կողմից և ուղարկվելու է Սահմանադրական դատարան։ Կարծում եմ՝ կոնսենսուսային և որակյալ փաստաթուղթ է և ԵԱՀԿ-ի ուղեցույցին համապատասխան»։
Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 2-ին հրապարակել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, որն օրերս Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել և ստորագրել էին։