04/09/2024 15:03
Դավիթ Հարությունյանի դիմումը ԲԴԽ-ն կքննի գրավոր ընթացակարգով․ Կարեն Անդրեասյանը ինքնաբացարկ է հայտնել
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ լիազորությունները դադարեցված դատավոր Դավիթ Հարությունյանի գործով վերանայման դիմումը ԲԴԽ-ում կքննվի սեպտեմբերի 17-ին՝ գրավոր ընթացակարգով։
Նիստը նախագահողի պարտականությունները ստանձնել է Խորհրդի տարիքով անդամ Արմեն Դանիելյանը։
«Բարձրագույն դատական խորհրդից հայտնել են, որ նշված հարցը ընդգրկվել էր 2024 թվականի սեպտեմբերի 3-ի նիստի օրակարգում:
Նիստի ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը պնդել է 2024 թվականի օգոստոսի 27-ին ներկայացված ինքնաբացարկի իր միջնորդությունը, որը Խորհրդի անդամների կողմից քննարկման արդյունքում բավարարվել է:
ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի կողմից հայտնված տեղեկության համաձայն` նա իր ինքնաբացարկը հիմնավորել է այն հանգամանքով, որ Դավիթ Հարությունյանի դատավորի լիազորությունները դադարեցնելուց հետո նա այս գործի մասին որպես Խորհրդի նախագահ ներկայացրել էր մեկնաբանություններ և պարզաբանումներ, այդ թվում` Ազգային ժողովի ամբիոնից, երբ ՔՊ խմբակցության երկու պատգամավորներ մտահոգվել էին Դավիթ Հարությունյանի համար: Խորհրդի անդամների կողմից քննարկման արդյունքում բավարարվել է իր ինքնաբացարկի միջնորդությունը և նա չի մասնակցի այս գործի վերանայման գործընթացին:
Նիստը նախագահողի պարտականությունները ստանձնել է Խորհրդի տարիքով անդամ՝ Արմեն Դանիելյանը, իսկ վերանայման գործընթացը կիրականացվի Խորհրդի անդամներ Արթուր Աթաբեկյանի, Հայկ Գրիգորյանի, Կարեն Թումանյանի, Երանուհի Թումանյանցի, Մերի Համբարձումյանի, Էդգար Հովհաննիսյանի և Քրիստինե Մկոյանի մասնակցությամբ:
Միջնորդությամբ ներկայացված հարցը նիստում քննարկելու անհրաժեշտության բացակայությամբ պայմանավորված՝ Խորհուրդը որոշել է այն քննության առնել գրավոր ընթացակարգով՝ 2024 թվականի սեպտեմբերի 17-ին, ժամը՝ 16:30-ին:
Նշված օրը տեղի կունենա ԲԴԽ նիստը, որտեղ գրավոր ընթացակարգով, այսինքն, առանց կողմերի մասնակցությամբ, ԲԴԽ զեկուցող անդամը կներկայացնի գործի մանրամասները և զեկույցի ներկայացման արդյունքում ի հայտ եկած հարցադրումները գրավոր կուղղվեն Դավիթ Հարությունյանին,- այս մասին հայտնել են ԲԴԽ-ից։