04/09/2024 21:23
Մամիկոն Ասլանյանն ազատության մեջ է, բայց Վանաձորն էլի քաղաքապետ չունի
Վանաձորի քաղաքապետ ընտրելու օրակարգով նիստ գումարելու արգելքը չնայած արդեն մեկ տարի է, ինչ վերացվել է, սակայն ավագանու նիստ չի հրավիրվում։
Ավագանու «Հայրենիք» խմբակցությունը ներկայացնող Վահե Դոխոյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է, որ շարունակում է պնդել՝ Վանաձորի քաղաքապետի ԺՊ նշանակելու որոշումը նույնպես ապօրինի է եղել։
«Վարչապետը կամայական որոշում է կայացրել, «Լուսավոր Հայաստանի» ջանքերով, ՔՊ-ի ջրաղացին ջուր լցնելով՝ արգելանք դրվեց նիստ գումարելու վրա, դրա համար, կարծում եմ, ՔՊ-ն շնորհակալություն հայտնեց, բայց այդ դերակատարությունն էլ ավարտվեց, ու հիմա կրկին ընդդիմություն են դարձել։ Ամեն դեպքում՝ անցած տարվա սեպտեմբերին դատարանն ասաց՝ գնացեք, նիստ արեք։ Այսինքն, սահմանադրական կարգը պահելու համար մեկ տարի է՝ ավագանին պետք է նիստ գումարի, բայց ո՛չ քաղաքապետարանն է նախաձեռնում նիստ, ոչ էլ ավագանու խմբակցությունները»։
Նա ընդգծել է՝ հիմա Մամիկոն Ասլանյանը պիտի որոշի՝ ինչ է անում․ «Մենք էլ կորոշենք՝ ինչ չափով ենք նրա կողքին կամ նրա կողքին չենք։ Մենք միայն 2 մանդատ ունենք, ո՛չ նիստ նախաձեռնելու իրավասություն ունենք, ոչ էլ սեփական թեկնածուով հանդես գալու դեպքում հաջողություն կունենանք»։