04/09/2024 20:48
Ներկայացել են որպես ԱԱԾ աշխատակիցներ և լողավազանի մոտից առևանգել բիզնեսմենի կնոջը
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր, ժամը 12։10-ի սահմաններում Աշտարակի խճուղում գործող «San Marco» լողավազանի մոտ 2 հոգի, ովքեր եղել են Ազգային անվտանգության աշխատակիցների կեղծ համազգեստով, առևանգել են Երևանի բնակչուհի 55-ամյա Լ․ Մ․-ին։ Մոտեցել են նշված կնոջը, ներկայացել են որպես ԱԱԾ աշխատակիցներ և նրան «BMW» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են անհայտ ուղղությամբ։
Դեպքի փաստով «առևանգում» հատկանիշներով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ առևանգվածը ԱՄՆ քաղաքացի է, նրա ամուսինը նույնպես ԱՄՆ քաղաքացի է և Միացյալ Նահանգներում հայտնի բիզնեսմեն։ Կա վարկած, որ առևանգողները տեղեկացված են եղել նրանց ընտանիքի մասին։