04/09/2024 12:01
ՀԷՑ-ը 152 միլիոն դրամի տույժ է վճարել, ներողություն է խնդրում ու խոստանում՝ դժվարությունները ժամանակավոր են
Երևանի կենտրոնում կմեկնարկեն նոր մալուխագծերի փոխարինման աշխատանքներ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը։
Նա ասաց, թե բոլոր այն ենթակայանները, որոնք գտնվում են բազմահարկ շենքերի նկուղային կամ առաջին հարկերում, հանվելու են, վերակառուցվելու են, լինելու են երկհարկանի ստանդարտ տիպային կառույցներ, որը կապահովի 98 տոկոս հուսալիություն։
Հարությունյանն ասաց, որ ընկերությունը բաժանորդներին 143 միլիոն դրամի տույժեր է վճարել, իսկ 2024 թվականի առաջին կիսամյակում՝ 152 միլիոն դրամի։
«Վիճակն անելանելի չէ, այո, մեծ են անհարմարությունները, մեծ է դիսկոմֆորտը, մենք էլ բնակիչներ ենք, բայց, ամենակարևորը, կան ֆինանսական միջոցներ, կան լուծումներ ու գնալու ենք այդ ուղիով։ Ժամանակավոր դժվարությունները, որ առաջացել են, անկախ նրանից, օբյեկտիվ են, թե սուբյեկտիվ, հայցում ենք մեր բաժանորդների ներողամտությունն ու ակնկալում, որ փոխադարձ աշխատանքների շնորհիվ վիճակն էապես կշտկվի»,- նշեց ՀԷՑ գլխավոր տնօրենը։
Նա ընդգծեց՝ աշխատում են այն ուղղությամբ, որ այն տարածքում, որտեղ լինելու է հոսանքազրկում, հաղորդագրություն կուղարկվի բաժանորդներին։
«Առաջիկայում բոլոր այդ ծրագրերը կկոնկրետացվեն»,- հավելեց Հարությունյանը։