04/09/2024 09:26
«Հրապարակ». Տարբերությունն այն է, որ Մամիկոն Ասլանյանը ՀՀԿ-ական է եղել, իսկ Արամ Խաչատրյանը սրսուռ ՔՊ-ական է
«Հրապարակ» թերթը գրում է. «Բոլորը մոռացել են, որ Մամիկոն Ասլանյանին մոտ 3 տարի կալանավայրում պահեցին համայնքային հողերի հետ կապված մեղադրանքով, որ նա թույլ էր տվել մի վանաձորցու՝ գերեզման սարքել համայնքի հողերի վրա, և բավարարվել էր նրան տուգանելով: Պարզվում է` այս փարիսեցի իշխանությունները չեն նկատել, որ Լոռվա նախկին մարզպետ, ՔՊ-ական Արամ Խաչատրյանի վաղամեռիկ կնոջը հուղարկավորել են Վանաձորի գերեզմանատան տարածքից դուրս՝ բարձրավոլտ էլեկտրասյան տակ:
Այսինքն՝ մի տարածքում, որը համարվում է վաճառքի ոչ ենթակա համայնքային սեփականություն։ Ընդ որում, եթե Ասլանյանի գործով անցնող անձն ինքնակամորեն խախտել էր գերեզմանոցի սահմանները, ինչի մասին կարող էր համայնքի իշխանությունը տեղյակ չլինել, ապա Խաչատրյանի կնոջ գերեզմանն ակնհայտորեն դուրս է գերեզմանոցի օրինական սահմաններից, տարածքը հարակից է Մ6 միջպետական մայրուղուն։ Փաստորեն, մասնավոր գերեզմանատուն է սարքել:
Բայց այստեղ մի կարևոր տարբերություն կա` Մամիկոն Ասլանյանը ՔՊ-ական չէ, ժամանակին եղել է ՀՀԿ-ական և Փաշինյանի հետ կապ չունի, իսկ Արամ Խաչատրյանը սրսուռ ՔՊ-ական է` ՔՊ-ի պաշտոնյա և նիկոլական: Ասլանյանին, հիշեցնենք, մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով. ըստ իրավապահների՝ սեփականաշնորհման ոչ ենթակա հողակտորներից մեկն օտարվել է նախկին համայնքապետի մտերիմի կնոջ մորը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում