05/09/2024 11:34
Հայաստանում ԵՄ առաքելությունը ոչ թե պաշտպանում է երկիրը, այլ հետախուզական տվյալներ է հավաքում. ՀՀ-ում ՌԴ դեսպան
ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Союзники. ОДКБ»-ի հետ զրույցում անդրադարձել է ՀԱՊԿ-ի աշխատանքներին՝ ուղղված տարածաշրջանային խաղաղությանը։
«Շատ ռիսկեր կարող էին մեղմացվել, եթե 2022 թվականի սեպտեմբերին Երևանը համաձայներ ՀԱՊԿ-ի միջոցով իրականացնել մի շարք միջոցառումներ՝ կայունացնելու իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանին։ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին համապատասխանում է երկրի շահերին և նպաստում է տարածաշրջանում խաղաղությանը»,- նշել է դեսպանը և հավելել, որ Մոսկվան երբեք չի հրաժարվել Բաքվի և Երևանի միջև բանակցային գործընթացում «ազնիվ միջնորդի» իր դերից։
Ըստ դեսպանի, Հայաստանում ԵՄ առաքելությունը ոչ թե պաշտպանում է երկիրը, այլ հետախուզական տվյալներ է հավաքում։
«Հարավային Կովկասի ճակատագիրը պետք է որոշեն բացառապես տարածաշրջանի երկրները և հարևան գործընկեր պետությունները»,- ընդգծել է նա։
Կոպիրկինը անդրադարձել է նաև տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանը․ «Անհրաժեշտ է հնարավորինս արագ վերսկսել եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը՝ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման համար։ Ռուսաստանի Դաշնությունը հանդես է գալիս ոչ թե որևէ կոնկրետ երթուղու ստեղծման, այլ հաղորդակցությունների ամբողջական ապաշրջափակման օգտին»,- նշել է նա։