05/09/2024 09:28
«Ժողովուրդ». 126 հազար դրամ արժողությամբ նարդին էկոնոմիկայի նախարարի՞, թե՞ տեղակալի հրամանով է գնվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը օգոստոսի 23-ին «Հենդլ» ՍՊԸ-ից գնել է 126 հազար դրամ արժողությամբ նարդի։ «Հենդլ» ՍՊԸ-ին պատկանող սրահը Բուզանդ փողոցում գտնվող «Վերնիսաժում» վաճառակետ ունի և վաճառում է ոչ այնքան մատչելի արժեք ունեցող շախմատ, նարդի, հուշանվերներ, ժամացույցներ և այս ամենը՝ փայտի փորագրությամբ։ Նարդիի ամենաէժան տարբերակը նշված խանութում 33 հազար դրամ է և աստիճանաբար թանկանում է՝ հասնելով մինչև 300-360 հազար դրամի։
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից ճշտել՝ արդյոք գնումը նախարարի՞ հրամանով է արվել, ո՞ւմ համար է գնվել, և եթե նվեր է, ապա ո՞ւմ են նվիրել։
Նախարարությունից պատրաստակամորեն պատասխանեցին մեր հարցերին՝ ասելով. «Հարցը եղել է նախարար Գևորգ Պապոյանի տիրույթից դուրս, նա չի հանդիսացել նվիրատուն։ Գնումը կատարվել է ներկայացուցչական ծախսերի շրջանակում՝ նախարարի տեղակալի կողմից՝ օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյայի Հայաստան կատարած այցի ընթացքում նվիրելու համար։ Նախարարը նախապես չի տեղեկացվել նվերի արժեքից, իսկ տեղեկանալուց հետո՝ հանձնարարել է անցկացնել ծառայողական քննություն, քանի որ բարձր արժեք ունեցող նվերներ հանձնելն անթույլատրելի է համարում։ Նշենք նաև, որ ծախսված գումարն արդեն իսկ վերադարձվել է պետբյուջե։ Կից ներկայացնում ենք նաև վճարման անդորրագիրրը», – հարցին ի պատասխան՝ նախարարությունից տրամադրել էին նաև վճարման անդորրագիրը։
Ստացվում է, որ էկոնոմիկայի նախարարի տեղակալը, առանց նախարարին տեղյակ պահելու, թանկարժեք նվերներ է գնել պետբյուջեից հատկացված գումարով, ապա նախարարի ճնշումներից հետո՝ նվերի համապատասխան գումարը վերադարձրել է պետբյուջե։ Եվ այսքանով պատիժն ավարտվում է. սակայն «Ժողովուրդ» օրաթերթը առաջիկայում կպարզի և կներկայացնի, թե էկոնոմիկայի նախարարի տեղակալներից ով է թանկարժեք նարդիի գնումը կատարած տեղակալը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում