05/09/2024 09:35
«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյա՞նն է ԱԺ աշխատակազմին հրահանգներ տալիս, որ ընդդիմադիրները զրկվում են ՆԱՏՕ-ի ԽՎ նստաշրջանին մասնակցելուց
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, ով ԱԺ անվտանգության և պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովն է ղեկավարում, հրահանգներ է տալիս ԱԺ աշխատակազմին, որ ընդդիմադիր պատգամավորներին զրկեն գործուղումներից կամ խորհրդարանական պատվիրակությունների աշխատանքներին մասնակցելուց։
Այսպիսով՝ «Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ-ից տեղեկացավ, որ սեպտեմբերի 15-18-ը ՔՊ խմբակցության պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանը և Վահագն Ալեքսանյանը Վարշավա են գործուղվելու՝ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի Ռոուզ-Ռոթ սեմինարին մասնակցելու համար։
«Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցմամբ դիմել էր ԱԺ աշխատակազմ՝ պարզելու, թե ինչու են պատվիրակությունների կազմում միայն իշխանական պատգամավորներն ընդգրկված լինում` հաշվի առնելով, որ բոլոր երեք խմբակցություններն էլ ունեն ներկայացուցիչ ՆԱՏՕ-ում՝ որպես պատվիրակության հիմնական անդամներ. ինչո՞ւ ընդդիմադիր պատգամավորները չկան պատվիրակությունների կազմում։ Մեր հարցմանն ԱԺ-ից տվել են հետևյալ պատասխանը.
«ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նիստերին ընդառաջ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Անդրանիկ Քոչարյանը մշտապես հրավիրում է աշխատանքային քննարկումներ։ Ինչպես ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը, այնպես էլ նրան փոխարինող Ասպրամ Կրպեյանը չեն մասնակցել այդ քննարկումներին։
Հավելենք նաև, որ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարը ՆԱՏՕ-ի ԽՎ գարնանային նստաշրջանից առաջ գրավոր տեղեկացրել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանին, որ Ասպրամ Կրպեյանը մերժել է մասնակցել կառույցի վերաբերյալ քննարկումներին, ինչով պայմանավորված էլ նրա մասնակցությունը ՆԱՏՕ-ի ԽՎ աշխատանքներին նպատակահարմար չէ»։
Այսինքն, ստացվում է՝ Անդրանիկ Քոչարյանն ԱԺ աշխատակազմին հրահանգներ է տալիս, ինչի հետևանքով ընդդիմադիրները զրկվում են ԱԺ պատվիրակությունների աշխատանքներին մասնակցելուց»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում