05/09/2024 20:30
Գուտերեշը հայտարարել է՝ Աֆրիկան պետք է դառնա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ Աֆրիկան պետք է դառնա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ։
«Վրդովմունքի է արժանի փաստը, որ Աֆրիկա մայրցամաքը Անվտանգության խորհրդում մշտական տեղ դեռևս չունի»,- ասել է Գուտերեշը Չինաստան-Աֆրիկա համագործակցությանը նվիրված ֆորումում՝ Պեկինում, համաժողովին մասնակցում են ավելի քան 50 աֆրիկյան երկրների ղեկավարներ։
«ժամանակն է շտկելու այն պատմական անարդարությունները, որոնք կրել է աֆրիկյան մայրցամաքը»,- ասել է Գուտերեշը՝ մտահոգություն հայտնելով նաև, որ աֆրիկյան շատ երկրներ ռեսուրսներ չունեն՝ զարգանալու և անհրաժեշտ չափով ֆինանսներ ունենալու համար։
Նշենք, որ ներկայում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Չինաստանը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան։