05/09/2024 18:19
«3 տարի է՝ ինձ ձերբակալում են, ծեծում, իմ գործարանն են քանդում»․ Գործարարը հայտարարել է՝ իր բիզնեսը ձեռքից առնում են, որ Փաշինյանի ընկերը դրա տեղում շինարարություն անի
«Խարդախ, խաբեբա Նիկոլը Զովունիում կառուցվող «Նիկոլի թաղամասը» ընդլայնելու համար՝ իր մաֆիայի միջոցով ապօրինի քանդել է «Ունիվերսալ» ՍՊԸ-ի նորակառույց գործարանային մասնաշենքը։ «Նիկոլի մաֆիայի» հանցավոր ջանքերով՝ Կոտայքի մարզի իրավապահ եւ կառավարչական մարմինների կողմից «Ունիվերսալ» ՍՊԸ-ի հիմնադիրների նկատմամբ իրականացվում են քայքայիչ, ռեպրեսիոն գործողություններ, զուգորդվող՝ ծեծի, ապօրինի ձերբակալությունների և շինծու քրեական գործեր սարքելու միջադեպերով՝ «Ունիվերսալ» ՍՊԸ-ի ակտիվները խլելու համար, իսկ ՀՀ ՄԻՊ-ը շարունակ ստում է․․․»,- ինչպես հայտնում է «Հրապարակ»-ը, այսպիսի բողոքով այսօր «Ունիվերսալ» ՍՊԸ-ի հիմնադիր Սամվել Թորոսյանն իր աշխատակիցների հետ եկել էր կառավարության մոտ՝ ակցիա անելու։ Դանակը հասել է կոկորդին, ասում է նա, էլ պետական դուռ չմնաց, որ չթակեմ․ «3 տարի է՝ ինձ ձերբակալում են, ծեծում, իմ գործարանն են քանդում, չեն թողնում աշխատենք»։
2021թ․ մարտի 18-ի կառավարության նիստին իշխանականները հավանություն են տվել «Մագնոլիա-Կոմֆորտ» ՍՊԸ-ի ներկայացրած՝ Զովունի բնակավայրում բնակելի թաղամասի կառուցման ներդրումային ծրագրին։ Զեկուցողն այդ ժամանակ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էր: Սամվել Թորոսյանի խոսքով՝ դրանից հետո ապօրինաբար քանդել են այդ տարածքում գտնվող իր գործարանը, տարիների քրտինքը, որ Նիկոլ Փաշինյանի ընկերը՝ «Մագնոլիա-Կոմֆորտ» ՍՊԸ-ի տերը, ոմն՝ Աբո, շինարարություն անի: Այս Աբոն ներկայանում է որպես Փաշինյանի ընկեր՝ նշելով, թե ինքը Փաշինյանի հետ կալանավայրում է եղել։
«30 հոգուց բաղկացած ոստիկանական բանդան եկավ, ասացին՝ հողամասդ մեկ մետրի չափով հարում է «Մագնոլիա կոմֆորտ» ՍՊԸ-ին, որը իրավունք չուներ 2021թ․-ին գնել այդ հողամասը։ Նիկոլի մաֆիան 2020թ․-ին որոշեց Զովունիի սպորտային գոտին վերածել բնակելի թաղամասի։ Նախաձեռնել են այդ գործընթացը, հասցրել ավարտին՝ բազմաթիվ օրենքներ խախտելով։ Նիկոլը և նախարարները, կամ իր ընկերները՝ «Մագնոլիա» ՍՊԸ-ի տնօրինությունը, ոչ մի օրենքի չեն ենթարկվում։ Երկրում ապօրինություններ են տեղի ունենում, ոչ մեկն իմ դիմումներին չի արձագանքում։ Ստիպված դիմել ենք այս քայլին։ Արդեն հնարավոր չի դիմանալ, քանդում են իմ տարիների քրտինքը։ Մաս-մաս, փուլ փուլ քանդում են իմ գործարանը»,-ասել է նա։
Սամվել Թորոսյանը պնդում է՝ Զովունիում խոսում են, թե նորակառույց թաղամասի մի մասը Սուրեն Պապիկյանինն է, մյուս մասը՝ Նիկոլ Փաշինյանինը։ «Ամբողջ Զովունին է դա ասում, կեսն ասում է՝ Նիկոլ Փաշինյանինն է, կեսը՝ Պապիկյանինը։ ՄԻՊ-ին դիմում ենք գրում, որ սա մեր տարածքն է՝ իբրև կանաչապատման գոտի է, բայց գործարանի տարածքն է։ Աշխատող գործարան է՝ ոչ թե սովետական միությունից ստացված, այլ զրոյից սարքած՝ գիշեր-ցերեկ աշխատելով, այսօր Նիկոլի ընկերները քանդում են։ Նիկոլը գործարա՞ն է սարքել, որ գործարան է քանդում։ Ես սա իրեն եմ վերագրում, իսկ եթե տեղյակ չէ, թե իր ստորադասներն ինչ են անում այս երկրում, ուրեմն ինքն անմեղսունակ է, որ տեղյակ չէ՝ Սուրեն Պապիկյանը, Ռոմանոս Պետրոսյանն ինչով են զբաղված։ ՄԻՊ-ը պատասխանում է, որ չկա թաղամաս»,- ասել է նա։
«Ունիվերսալ» ՍՊԸ-ի տնօրենը հայտարարում է, թե իր նկատմամբ հալածանքներին միացել են նաև համայնքի ղեկավարությունը, Կոտայքի մարզպետը, մարզի դատախազը։
«Իմ գործարանն արդեն էն աստիճանի են քանդել, որ չգիտեմ՝ հնարավոր կլինի վերականգնել, թե ոչ։ Բայց սրանց նպատակը ամբողջ գործարանը քանդելն է, իրենք հիմա զբաղվում են դրանով։ Բազմաթիվ դատական հայցեր եմ ներկայացրել, 20-ից ավելի գործ կա դատարանում, բայց այս մարդիկ օրենքներին չեն ենթարկվում։ Դատարանում գործերն առաջ չեն գնում, Հակակոռուպցիոն դատարանում այս թեմայով գործ կա, բայց մեկ ու կես տարի անցել է՝ նիստեր տեղի չեն ունենում, լուր չկա»,-նշել է նա։