05/09/2024 20:05
Հռոմի պապն ու Ինդոնեզիայի Գերագույն իմամը հռչակագիր են ստորագրել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Ինդոնեզիա (բնակչության մեծամասնությունը՝ 87 տոկոսը, կազմում են մուսուլմանները) կատարած իր այցի ժամանակ հռչակագիր է ստորագրել այդ երկրի գերագույն իմամի և այլ կրոնների հոգևոր առաջնորդների հետ։ Հռչակագրում, ինչպես հայտնում է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը, ընդգծվում է հակամարտություններին, բռնություններին և կլիմայի փոփոխությանը համատեղ դիմակայելու անհրաժեշտությունը։
«Համաշխարհային մասշտաբի հասած ապահումանիզացիան առաջին հերթին բնութագրվում է լայնածավալ բռնությամբ և հակամարտություններով, որոնք հանգեցնում են մեծ թվով զոհերի: Հատկապես մտահոգիչ է, որ կրոնը հաճախ դառնում է մանիպուլյացիայի գործիք, այնինչ ցանկացած կրոնի խնդիրն է պաշտպանել յուրաքանչյուր մարդու արժանապատվությունն ու կյանքը։ Մարդկության կողմից Երկիր մոլորակի ռեսուրսների չարաշահումը նպաստում է կլիմայի փոփոխությանը, ինչը նույնպես հանգեցնում է կործանարար հետևանքների»,- նշված է հռչակագրում։
Փաստաթղթում կարևորվում է հոգևոր առաջնորդների փոխգործակցությունը՝ ճգնաժամերի լուծման, ապամարդկային երևույթներն արմատախիլ անելու, ժողովուրդների միջև ավելի մեծ հարգանք ձևավորելու հարցերում։
Փաստաթուղթը Հռոմի Ֆրանցիսկոս պապից և Ինդոնեզիայի Գերագույն իմամից բացի, ստորագրել են բուդդայականության, կոնֆուցիականության և հինդուիզմի ներկայացուցիչներ։