05/09/2024 21:18
Հայաստանից մայրացու ոչխարների մեծածավալ արտահանման հետևանքով վտանգվում է անասունների վերարտադրությունը․ Ահազանգ
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հայաստանում վերջին շրջանում մեծ չափերի է հասել մայրացու ոչխարների արտահանումը, ինչն էլ կարող է լուրջ վնասներ հասցնել տնտեսության այս ճյուղին։
Իմ տեղեկություններով, մայրացուների մեծ խմբաքանակ հիմնականում արտահանվում է Իրան և ԱՄԷ։ Եթե նախկինում նախարարությունը վերահսկում էր, որպեսզի մայրացուները մեծ խմբաքանակով չարտահանվեն, այսօր ոլորտը մատնված է անտարբերության։
Անասնապահությամբ զբաղվողներին առաջարկվում է կրկնակի թանկ վաճառել մայրացուներին։ Ենթադրենք, եթե մեկ մայրացու ոչխարի արժեքը 50․0000 դրամ է, արտահանմամբ զբաղվողներն առաջարկում են վաճառել 100․000 դրամով։ Այս ամենի հետևանքով վտանգվում է անասունների վերարտադրությունը՝ առաջացնելով դեֆիցիտ և թանկացում։
Սա պարենային անվտանգության հարց է, գերխնդիր, որը պահանջում է հստակ գործողություններ և ռազմավարություն»։