06/09/2024 10:17
Հասարակությունը կորցրել է անվտանգության զգացումը և չի պատկերացնում պետության կորստի իրական-տեսանելի սցենարը. Վահե Հովհաննիսյան
«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է.
«Որպեսզի ճիշտ հասկանանք մեր վիճակը և կարողանանք ճիշտ կազմակերպել մեր գործը, պետք է ունակ լինենք մեզ նայել կողքից։
Ինչ են տեսնում մեզ նայելիս հակառակորդները, հարևանները, պոտենցիալ դաշնակիցները.
Հայ ժողովրդի էլիտաները չեն կարողանում գտնել հետպատերազմյան վերականգնման բովանդակությունը, ճանապարհը։
Հասարակությունը գտնվում է խորը կազմաքանդման մեջ, լիարժեք օտարացած պետությունից։
Քաղաքացիների՝ Հայաստանը լքելու ձգտումն աննախադեպ մեծ է։
Հասարակությունը մեծ մասամբ չունի կորստի զգացում՝ ո´չ հայրենիքի, ո´չ իր զավակների հանդեպ։ Պետությունը կորցնելու հնարավորությունը աստիճանաբար դառնում է «նոր նորմալություն»։
Ֆինանսական խոշոր ռեսուրսների տիրապետողները, նախկին-ներկա ազդեցիկ դեմքերից շատ-շատերը իրենց ընտանիքների համար Հայաստանից դուրս ստեղծել են «պահուստային հայրենիքներ»։
Հասարակությունը կորցրել է անվտանգության զգացումը և չի պատկերացնում պետության կորստի իրական-տեսանելի սցենարը, մեխանիզմները, ժամկետները, որոնք ավելի քան իրական են։
Մեր անելիքը, պայքարը պիտի կոնկրետանա այս կետերի տրամաբանությունը փոխելու շուրջ։ Սա է հիմա անելիքը։ Մենք այս իշխանության օրոք ստացել ենք նոր իրականություն՝ Հայրենական ՄԵԾ Պարտություն։ Այդ իրականությունը գիտակցելը և դրա հետ հաշտվելը տարբեր բաներ են։ Առաջնորդությունը այս փոփոխությունը կազմակերպելն է»։