06/09/2024 18:30
«Ե՛վ քաղաքական հայացքներն են պատճառը, և՛ Դավիթ Գյուրջինյանի անձնական վրեժխնդրությունը»․ Նախկին պրոռեկտորն ահազանգում է՝ Վ․ Բրյուսովի անվան համալսարանի 40 դասախոսների ազատել են աշխատանքից
Դավիթ Գյուրջինյանը, Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր նշանակվելուց ի վեր, համալսարանի մոտ 59 աշխատակցի ազատել է աշխատանքից, «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Վ. Բրյուսովի անվան համալսարանի նախկին պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը՝ ընդգծելով՝ նրանցից մոտ 40-ը դասախոսներ են։
«Հիմա չեմ կարող ասել, թե քանիսին են կարողացել փոխարինող գտնել, քանի որ դասախոսներից շատերը այնպիսի մասնագիտացումներ ունեն կամ այնպիսի առարկաներ են դասավարդում, որ Հայաստանում նման միակ մասնագետն են։ Եթե անգամ փոխարինողներ գտել են՝ ոչ պրոֆեսիոնալ դասախոսներ են։
Օրինակ, անցած տարի Գյուրջինյանը հայոց լեզվի լավագույն մասնագետներին ուղղակի ազատեց աշխատանքից՝ զուգահեռ դառնալով նաև հայագիտության ամբիոնի վարիչ։ Այսինքն, մինչև այսօր նա և՛ համալսարանի ռեկտորն է, և՛ ամբիոնի վարիչը, ինչի իրավունքը չունի»։
Ակոպյանը պատմել է, որ ամբիոնի վարիչ դառնալուց հետո մի շարք ստաժավոր, երկարամյա դասախոսների նա պարզապես դասաժամեր չի տվել․ «Նրանք, ի դեպ, բավական արագ կարողացան աշխատանք գտնել այլ բուհերում, իսկ ինքը հայոց լեզվի դասաժամերը տվեց համապատասխան որակավորում չունեցող մարդու։ Նույնը նաև այս տարի է անում՝ ոլորտի լավագույն կամ միակ մասնագետներին ժամ չտալով, հետո բերում է այնպիսի մարդկանց, ովքեր մասնագիտացում չունեն։
Ընդ որում, որևէ մեկի դեպքում ո՛չ մասնագիտական, ո՛չ կարգապահական հարց առաջ չի քաշում, հիմնավորումը այն է, որ պայմանագիրը լրացել է, ինքն էլ նոր պայմանագիր չի կնքում։ Նման կերպ է լուծում տալիս խնդրին։ Եթե պետական համալսարանի դեպքում հարցը միայն քաղաքական է, ու դասախոսները ազատվում են հենց քաղաքական հայացքների համար, ապա Բրյուսովի դեպքում և՛ քաղաքական հայացքներն են պատճառը, և՛ անձնական վրեժխնդրությունը։ Աշխատանքից մարդիկ են ազատվում, ովքեր իրեն քննադատել են՝ իր ապօրինի նշանակման գործընթացի հետ կապված, ովքեր, օրինակ, 7 տարի առաջ նրան ամբիոնի վարիչ չեն ընտրել, այսինքն, նաև անձնական վրեժխնդրություն է»։