06/09/2024 09:46
«Ժողովուրդ». Ինչու է փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը պարբերաբար դավեր նյութում թիմի ներսում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Քաղաքական խարդավանքները միշտ ուղեկցել են տարբեր ժամանակների իշխանական թիմի ներկայացուցիչներին, բայց Նիկոլ Փաշինյանի իշխանության մեջ խարդավանքները հատկապե՛ս ընդգծված են: Արմեն Փամբուխչյանի անունն այդ համատեքստում հաճախ է շրջանառվում: Քաղաքական կուլիսներում պարբերաբար շրջանառվում են տեղեկություններ առ այն, որ Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը պարբերաբար դավեր է նյութում թիմի ներսում, որ ամեն գնով Երևանի քաղաքապետ դառնա:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանին հասկանալու համար՝ ճիշտ են այն տեղեկությունները, որ նա դավեր է նյութում թիմի ներսում, որպեսզի դառնա քաղաքապետ:
Հարցին ի պատասխան՝ Փամբուխչյանն ասաց. «Իմ ամբողջ կյանքի թե՛ աշխատանքային, թե՛ քաղաքական գործունեության ընթացքում, մասնավոր թե պետական, որևէ մեկի դեմ դավեր չեմ նյութել, առավել ևս՝ թիմակիցների, մասնավորապես՝ ընկերների նկատմամբ։ Դա իմ խառնվածքը և գործելաոճը չէ»:
Փամբուխչյանը, իհարկե, ջերմորեն շրջանցեց կոնկրետ հարցադրումը, սակայն ՔՊ թիմի գործելաոճն այլ բան է փաստում։ Ակնհայտորեն սերտաճելով տեղական գործարարների կամ, այսպես ասած, «նախկինների» հետ, Արմեն Փամբուխչյանն իր բարեկեցության հարցերն է կարգավորում և թոշակառու հոր համար 102 միլիոն դրամի սուբսիդիա ապահովում՝ էլի «նախկինների» հովանավորյալ գործարարների երաշխավորությամբ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում