06/09/2024 12:28
«Ինքնագլորները շարունակում են դաժանաբար խախտել բոլոր հնարավոր շարժումները մայթերին և դրանից դուրս». Քննարկում ԱԺ-ում
Մինչ քաղաքապետարանը հաստատի ինքնագլորների կայանման վայրերի ցանկը, ինքնագլորներն անընդհատ քաոտիկ պտտվում են և՛ մայթերին, և՛ մայթերից դուրս, վերահսկողությունը ծավալուն խնդիր է նաև ոստիկանության համար, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստին հայտարարեց Անդրանիկ Քոչարյանը։
«Ցանկը չունենք, այն պետք է մշակի Երևանի քաղաքապետարանը և ներկայացնի ավագանու որոշմանը»,-պատասխանեց ՆԳ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը։
Արձագանքելով, Անդրանիկ Քոչարյանն ասաց, թե «մեկ տարուց ավելի է, ինչ ինքնագլորները մտել են մեր կյանք».
«Ինքնագլորները շարունակում են դաժանաբար խախտել բոլոր հնարավոր շարժումները մայթերին և դրանից դուրս։ Կարևոր է, որ սկսենք ինչ-որ կարգավորումից և տեսնենք, թե ուր ենք հասնում»։
Փոխնախարարն ասաց, որ ոլորտը կանոնակարգված չի, հետևաբար առաջացել է անհրաժեշտություն սահմանելու անհատական տեղափոխման միջոցների երթևեկության կանոնները, սահմանելու խախտումների դեպքում առաջացող հետևանքները։