06/09/2024 10:55
Քննարկվել են Հայաստանի կողմից ՄԻԵԴ վճիռների կատարման ընթացքը և այդ ուղղությամբ ձեռնարկվող միջոցները
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն Արտաքին գործերի նախարարությունում մասնակցել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հարցերով տնօրինության ղեկավար Քլեր Օվեյի գլխավորած՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռների կատարման վարչության պատվիրակության հետ միջգերատեսչական քննարկմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի կողմից ՄԻԵԴ վճիռների կատարման ընթացքը և այդ ուղղությամբ ձեռնարկվող միջոցները:
Հանդիպմանը բարձր է գնահատվել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ համագործակցությունը և դրա կարևոր բաղադրիչ հանդիսացող ՄԻԵԴ առանձնահատուկ դերը՝ Հայաստանում մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության շարունակական ամրապնդման գործում:
Ընդգծվել է ՄԻԵԴ վճռիների կատարման կարևորությունը ինչպես անհատական իրավունքների պաշտպանության, այնպես էլ պետական մակարդակով ձեռնարկվող համակարգային բարեփոխումների ու հմտությունների զարգացման առումով, որոնք ՀՀ իրավասու կառույցները Եվրոպայի խորհրդի փորձագիտական օժանդակությամբ իրականացնում են ՀՀ-ԵԽ Գործողությունների ծրագրի շրջանակում:
Կողմերն արձանագրել են Հայաստանի կողմից ՄԻԵԴ վճիռների կատարման բարձր ցուցանիշները՝ վերահաստատելով ՄԻԵԴ վճիռների կատարման արդյունավետության բարձրացման նպատակով ձևավորված սերտ համագործակցությունը շարունակելու փոխադարձ հանձնառությունը: