06/09/2024 17:36
Կենտրոնական բանկը նոր հուշադրամ է շրջանառության մեջ դրել
2024 թվականի սեպտեմբերի 9-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնադրման 150-ամյակ» արծաթե հուշադրամը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնադրման 150-ամյակին նվիրված հուշադրամ
Գևորգյան հոգևոր ճեմարանը բացվել է 1874 թ. սեպտեմբերի 28-ին Սուրբ Էջմիածնում՝ Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախաձեռնությամբ Սբ Գևորգ Զորավարի տոնին և կոչվել է «Ժառանգավորաց հոգևոր ճեմարան Սուրբ Գևորգյան»:
Որպես ժամանակի միակ բարձրագույն ուսումնական հաստատություն՝ այն նշանակալի տեղ է զբաղեցրել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, հայկական մշակույթի, գիտության և կրթության պատմության մեջ: Ճեմարանում լուծվել են հայագիտական բազմաթիվ հարցեր, մշակվել հայկական դպրոցի ուսումնական ծրագրեր, կազմվել դասագրքեր:
Այստեղ են դասավանդել ժամանակի լավագույն մանկավարժները՝ Մանուկ Աբեղյան, Հրաչյա Աճառյան, Լեո, Ստեփան Լիսիցյան, Քրիստափոր Կարա-Մուրզա, Հովհաննես Հովհաննիսյան, Հակոբ Մանանդյան, Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյան, Կարապետ եպիսկոպոս Տեր-Մկրտչյան, Գարեգին եպիսկոպոս Հովսեփյան, Երվանդ Տեր-Մինասյան և այլք:
Ճեմարանի նշանավոր շրջանավարտներից են Կոմիտաս վարդապետը, Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Նիկողայոս Ադոնցը, Ակսել Բակունցը և ուրիշներ:
ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից 2005 թ. ճեմարանին տրվել է բարձրագույն ուսումնական հաստատության արտոնագիր։ Այսօր ճեմարանը միակ աստվածաբանական համալսարանն է Հայաստանում։
Ճեմարանին առընթեր գործում են Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցը և քահանայից պատրաստման լսարանը:
Մշակված նոր ծրագրերն այսօր հնարավորություն են տալիս աշխարհի տարբեր երկրներից ժամանած հայ ուսանողներին աստվածաբանական և հայագիտական կրթություն ստանալու ճեմարանում:
Դիմերես՝ Գևորգյան հոգևոր ճեմարանի պատկերանիշը, ճեմարանի ուխտերգից հատված՝ «ՄԵԾ ՏԵՍԻԼՔԻ ՄԵՆՔ ԶԱՎԱԿՆԵՐ», Սուրբ Հոգու խորհրդանիշ աղավնի և խաչքարի վարդյակ:
Դարձերես՝ Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի Կաթողիկոսի դիմապատկերը, Գևորգյան հոգևոր ճեմարանի շենքը:
Էսքիզների հեղինակներ՝ Վարդան Վարդանյան (դիմերես), Լուսինե Լալայան (դարձերես):
Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը 1000 դրամ
Մետաղը/հարգը արծաթ 9250
Քաշը 33,6 գ
Տրամագիծը 40,0 մմ
Որակը պրուֆ
Դրամաշուրթը ատամնավոր
Թողարկման քանակը 500 հատ
Թողարկման տարեթիվը 2024
Դրամագետները, հավաքորդներն ու պարզապես ցանկացողները կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից, որը գործում է բանկի ներսում և բաց է բոլորի համար:
«Դրամագետ» վաճառասրահում վաճառվող դրամագիտական արժեքների գներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.cba.am/Storage/AM/downloads/arjuyt/Dramaget_arm.pdf