07/09/2024 18:32
Սրբադասել Արցախյան գոյամարտի բոլոր նահատակներին, նոր Արցախյան շարժում ձևավորել, Արցախի Հանրապետության համար գործադրել «Պետություն՝ առանց տարածքի» հայեցակարգը․ Արմեն Աշոտյանի առաջարկները
ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից հեռավար կարգով պատասխանել է քաղաքացիների կողմից իրեն ուղղված հարցերին։
Քաղաքացիներից մեկը հարց է ուղղել, թե ինչ առաջարկներ ունի Արմեն Աշոտյանը՝ Արցախի հարցը միշտ ակտուալ պահելու ուղղությամբ, որպեսզի վաղը կոնկրետ լուծումներ լինեն։
«Չեմ հավակնում պատրաստի դեղատոմսեր առաջարկել այս կամ այն հարցով, սակայն ամբողջությամբ պատրաստ եմ լծվելու թիմային աշխատանքի, որի նպատակը պետք է լինի նոր Արցախյան շարժում ձևավորելը։
Ցավոք, հատվածական նախաձեռնությունները, անհատական ջանքերը, այս կամ այն առանձին իրականացվող նախագծերը, որքան էլ ստեղծվեն և առաջ մղվեն հայրենասեր և ազնիվ մարդկանց կողմից, չեն լուծելու այս իրականում համակարգային և խորը խնդիրը։
Նախկինում բարձրաձայնված իմ առաջարկություններից կարող եմ կրկին բարձրաձայնել Վեհափառ Հայրապետին ուղղված առաջարկս՝ սրբադասելու Արցախյան գոյամարտի բոլոր նահատակներին (Հայոց Ցեղասպանության զոհերի սրբադասման օրինակով)։
Կարծում եմ նաև, որ դեռևս ուշ չէ Արցախի Հանրապետության համար մշակել և գործադրել «Պետություն՝ առանց տարածքի» հայեցակարգը»,- պատասխանել է Արմեն Աշոտյանը։