07/09/2024 16:10
Իրանը վերահաստատել է դիրքորոշումը՝ ցանկանում են ռուսական գազ ներմուծել
Իրանական կողմը վերահաստատել է դիրքորոշումը․ ռուսական գազ են ցանկանում ներմուծել, բանակցություններ են վարում ռուսական կողմի հետ, կան նաև նախնական պայմանավորվածություններ։ Այդ մասին ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում ասել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
Պատասխանելով հարցին, թե Մոսկվան և Թեհրանն այսօր ինչ նախագծեր են քննարկում էներգետիկ ոլորտում, դեսպանը նշել է․ «Մեր ռուս գործընկերների հետ շարունակում ենք համագործակցությունը էներգետիկ ոլորտում․ դա առաջին հերթին ռուսական ներդրումներն են իրանական նավթահանքերում, մենք շահագրգռված ենք գազի ոլորտում համագործակցությամբ, որ ռուսական գազ մատակարարվի Իրան, և մենք կարողանանք համատեղ նախագծեր իրականացնել։ Այս նախագծի շուրջ աշխատում ենք»,- ասել է նա։
Իրանի դեսպանի խոսքով՝ նախնական պայմանավորվածություններ կան, համաձայնագիր է ստորագրվել այս հարցի շուրջ։
«Շարունակում ենք աշխատանքը, որ Իրան ռուսական գազ մատակարարվի»,- ասել է Քազեմ Ջալալին։