07/09/2024 18:52
Իրանն Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայում և Գազայի հատվածում իրավիճակը սրելու մեջ
Հավաքական Արևմուտքը սրում և բարդացնում է իրավիճակը Ուկրաինայում, Արևմուտքը իրականում զինադադար չի ուզում, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
«Ցավոք սրտի, հավաքական Արևմուտքի միջամտությունը սրել է իրավիճակը, և ամեն օր կարգավորման գործընթացը բարդանում է։ Արևմուտքը մեզ գործնականում է ապացուցել, որ զինադադարի կամք չունի, ընդհանրապես չունի»,- ասել է դեսպանը՝ մեկնաբանելով Կուրսկի ուղղությամբ գործողություններում Արևմուտքի ներգրավվածությունը՝ Ուկրաինային զենք ու վարձկաններ մատակարարելու համատեքստում։
Քազեմ Ջալալին հավելել է, որ Արևմուտքը նման մոտեցում է ցուցաբերում ոչ միայն Ուկրաինայի հարցում։
«Լայնածավալ հանցագործություններ են տեղի ունենում Պաղեստինում, որտեղ սպանվում են սովորական քաղաքացիներ։ Մենք տեսնում ենք, որ ամերիկացիները նույն կերպ զենք են մատակարարում Իսրայելին, և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին թույլ չեն տալիս կրակի դադարեցման մասին բանաձև ընդունել։ Ցավոք, հենց այսպիսին է Արևմուտքի մոտեցումը, նրանք ցանկանում են տարաձայնություն սերմանել, պատերազմ սերմանել՝ իրենց հեգեմոնիան ամրապնդելու համար»,- ասել է դեսպանը։