07/09/2024 09:35
«Փաստ». Քաղաքական դաշտում կան բամբասանքներ, պատատակի քչփչոցներ ու պարզապես փչոցներ, և գրեթե չկա քաղաքական միտք ու քաղաքականություն
«Փաստ» թերթը գրում է. «Մի այսպիսի սրախոսություն կա. «Կարծում էինք, որ հասել ենք հատակին, մեկ էլ տակից մեկը թխկթխկացրեց...»: Միանգամայն կիրառելի է արդի, կներեք արտահայտության համար՝ քաղաքական գործընթացները և անցուդարձը բնութագրելու համար: Հատկապես այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, Հայաստանում կտրուկ անկում ապրեց քաղաքական հարաբերությունների, քաղաքական բանավեճի, առհասարակ՝ քաղաքականության մակարդակը: Անկումը շոշափելի ու նկատելի է, մանավանդ, եթե նկատի առնենք, որ մինչև այդ էլ առանձնապես շատ բարձր աստիճանի վրա չէր: Բայց հիմա արդեն այն աստիճանի, որ շրիշակը հայտնվել է առաստաղի դիրքում:
«Բեսեդկայի» բամբասանքը, պատատակի քչփչոցը, ցածրամակարդակ ու մտացածին «լուրերի» շրջանառությունը դարձել են քաղաքական գործունեության հայտի երաշխիք, քաղաքականությամբ զբաղվելու պարտադիր դրսևորում:
Դե, Փաշինյանը «օդից կախված» լուրերի, զանազան հորինումների ու «հուշերի» ոչ միայն սիրահար է, այլև, կարելի է ասել՝ ուստա: Ու, ցավոք, դա դարձել է ուղենիշ: Եվ նման գործելակերպը բնութագրական է դարձել հատկապես Նիկոլ Փաշինյանի քաղաքական շահերը սպասարկողների համար: Ծածուկ, թե անթաքույց...
Քաղաքական կոչվող դաշտում կան բամբասանքներ, պատատակի քչփչոցներ ու պարզապես փչոցներ, և գրեթե չկա քաղաքական միտք, չկա նաև քաղաքականություն: Այ, վերջերս էլ, մի երիտասարդ, որ մեր համեստ կարծիքով՝ իր գործունեության ու քաղաքական կարիերայի վրա խաչ քաշեց, ընկղմվել էր նմանօրինակ բամբասանքների ճահճուտը: Պատահական չէ, որ նրան արտահայտվելու հարթակ էր տրամադրվել փաշինյանական թիվ մեկ քարոզչամիջոցի կողմից:
Ցավալի է, մեծ հաշվով: Այդպես քաղաքականություն չեն մտնում՝ ցանկացած պարագայում: Այդպես նույնիսկ քաղաքականության մեջ չեն մնում: Այդպես դուրս են գալիս: Այդպես մաքսիմում օգտագործվում են ու... միանգամից «վառվում»: Եթե մեկնումեկը կարծում է, որ դա ինչ-որ մակարդակ է, ապա հիասթափեցնենք. եթե նույնիսկ մակարդակ էլ է, ապա կործանիչ «մակարդակ» է: Ինքը ասաց, ես ասացի, ինքը պատասխանեց մակարդակի բամբասանքն ու «խաբարբզիկությունը» քաղաքական կատեգորիա չէ ու չի կարող լինել: Չնայած, Հայաստանում այն հասցվել է նման աստիճանի: Քաղաքականությունը միտք է, գաղափար, նպատակ, ծրագիր: Իսկ բամբասանքը... դե, բամբասանք է, էլի, ոչ ավելին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում