09/09/2024 21:24
«Շնորհակալություն վստահության համար»․ Խաչատուրյանը՝ ԵՄ պաշտոնյային
Նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել․
«Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական ապրելակերպի խթանման հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասիի գլխավորած պատվիրակությանը:
«Ուրախ եմ Ձեզ հյուրընկալելու համար: Առանձնակի ցանկանում եմ շնորհակալություն հայտնել և՛ ԵՄ-ին, և՛ Ձեզ հուլիսի 22-ին ԵՄ խորհրդի կողմից ընդունված երկու կարևոր որոշումների՝ «Խաղաղության եվրոպական գործիք»-ի շրջանակներում Հայաստանին աջակցություն տրամադրելու և մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի համար:
Այս երկու որոշումները շատ ենք կարևորում: Հատկապես վերջինը մեր հասարակության կողմից բավական սպասված որոշում է: Իհարկե, շատ անելիքներ ունենք, սակայն կարևորը մեկնարկը տրված է: Շնորհակալություն վստահության համար»,-իր խոսքում մասնավորապես ասել է նախագահ Խաչատուրյանը:
Մարգարիտիս Սխինասին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ մեծապես կարևորում են մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի ազդարարումը և այդ ուղղությամբ անհրաժեշտ են շարունակական ջանքեր գործադրել հետագա քայլերն իրականացնելու համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիության բազմաշերտ համագործակցության հետագա ընդլայնման ուղղությամբ ջանքերի շարունակական ներդրման ուղղությունների վերաբերյալ հարցեր:
Կողմերը երկուստեք կարևորել են առկա փոխգործակցությունը զարգացնելուն միտված քայլերի շարունակական բնույթն ու ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ուղղությամբ հայաստանյան կողմի նախաձեռնած բարեփոխումների իրականացման հետևողական խթանումը:
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների և ընդհանուր իրադրության վերաբերյալ: Այս համատեքստում նախագահն ընգծել է Հայաստանի միանշանակ դիրքորոշումը հարևանների հետ հարաբերությունները ինքնիշխանության, փոխվստահության և բարիդրացիության սկզբունքների հիման վրա կայուն և հարատև խաղաղության հասնելու հարցում»: