10/09/2024 15:28
Բոլոր նրանք, ովքեր հիմա եկել են ու Լեռնային Ղարաբաղի ժողովրդին փորձում են համոզել, որ կա վերադարձի հնարավորություն, արկածախնդիրներ են. Արթուր Հովհաննիսյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն այս պահին չունի տեսլական, որով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները կարող են խաղաղ վերադառնալ իրենց տուն։ Որովհետև, նրա խոսքով, նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ըստ էության, չկատարվեց։
«Ռուս խաղաղապահները չկարողացան ապահովել Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն իրենց հողում, ինչպես որ պետք է տեղի ունենար հայտարարության տեքստով: Դա իշխանության ձախողումը չէ: Դուք տեսաք, որ Ադրբեջանը գնաց ռազմական գործողությունների, և փորձեր արվեցին Հայաստանին նույնպես ներքաշել պատերազմի մեջ, որ Հայաստանի սահմաններին էլ պրոցեսներ տեղի ունենան»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Հովհաննիսյանը:
Ըստ ՔՊ-ականի՝ իշխանությունն ամեն կերպ փորձում է լուծել Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների խնդիրները, որպեսզի նրանք իրենց երջանկությունը կառուցեն Հայաստանում։
«Բոլոր նրանք, ովքեր հիմա եկել են ու Լեռնային Ղարաբաղի ժողովրդին փորձում են համոզել, որ կա վերադարձի հնարավորություն, արկածախնդիրներ են, փորձում են այդ պրոցեսները գեներացնելով՝ լարվածություն մտցնել Հայաստան՝ նոր քաղաքական թոկ Հայաստանի վզին գցելու համար»,-ասաց նա: