10/09/2024 13:47
Հայաստանը ԵՄ անդամ չհանդիսացող 14-րդ երկիրն է, որ համագործակցության համաձայնագիր է կնքում Եվրաջասթի հետ. ՔՊ-ական պատգամավոր
Այսօր Ազգային ժողովը վավերացրեց Հայաստանի քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների և Եվրամիության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) միջև համագործակցության մասին ՀՀ֊ԵՄ համաձայնագիրը։
«Եվրաջասթը Եվրամիության անդամ երկրներում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության մեխանիզմները համակարգող և անդամ երկրների դատախազությունների միջև համագործակցությունը խթանող համաեվրոպական կառույց է։ Վերջինիս միջոցով իրականացվում է հավաքագրված տվյալների (այդ թվում` գաղտնի բնույթի տվյալների) փոխանակում ինչպես Եվրոպական միության անդամ, այնպես էլ` երրորդ երկրների պատկան մարմինների միջև։
Հայաստանը ԵՄ անդամ չհանդիսացող 14֊րդ երկիրն է, որ համագործակցության համաձայնագիր է կնքում Եվրաջասթի հետ (ինչպես օրինակ` ԱՄՆ֊ն, Մեծ Բրիտանիան, Նորվեգիան, Իսլանդիան, Շվեյցարիան և ԵՄ անդամության թեկնածու մի շարք երկրներ)։ Սա հնարավորություն կտա խորացնել Հայաստանի և Եվրամիության, ինչպես նաև` ԵՄ անդամ պետությունների պատկան մարմինների միջև համագործակցությունը անդրազգային և ծանր հանցագործությունների հետաքննության և նախաքննության ընթացքում»,- այս մասին գրել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը: