10/09/2024 11:20
«Խաղաղության պայմանագրի» համաձայնեցված մասում նախատեսվում է դրույթ՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ. Փաշինյան
«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի բացմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բանակցություններին:
«Դուք շատ եք լսում, որ պայմանագրի նախագծի 80 տոկոսը համաձայնեցված է: Խաղաղության պայմանագրի նախագծի այս պահի դրությամբ առկա արդյունքներով 13 հոդվածներ և նախագծի նախաբանը ամբողջությամբ համաձայնեցված են: Եվս 3 հոդվածներ, որոնք բաղկացած են երկու նախադասությունից, մասնակի համաձայնեցված են: Այդ հոդվածների նախադասություններից մեկը համաձայնեցված է, մյուսը՝ ոչ»,- հավելեց նա
Փաշինյանը հայտարարեց, որ Խաղաղության պայմանագրի համաձայնեցված հոդվածներից մեկում նախատեսված է մեխանիզմ, որը երկու կողմերին հնարավորություն կտա համատեղ մեխանիզմի միջոցով շարունակել քննարկումները. «Էլ չեմ ասում՝ խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասում նախատեսվում է դրույթ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Հետևաբար, կարող ենք գնալ նման լուծումների: Մենք այդ առաջարկն արել ենք հրապարակային ու պաշտոնապես: Ես հայտնում եմ իմ պատրաստակամությունը ստորագրել առաջիկա հնարավոր ժամկետում համաձայնեցված տեքստը խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի»: