10/09/2024 15:24
Ֆրանսիայի Սենատի անդամը Հայաստանի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ»-ը խելամիտ նախագիծ է համարում
Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գնահատմամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը շատ խելամիտ ծրագիր է, որը ցույց է տալիս նաև այն, որ Երևանը պատրաստակամ է երկխոսել այլ երկրների հետ:
Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազն այս մասին ասաց «Արմենպրես»-ին տված հարցազրույցում՝ խոսելով հայ-ֆրանսիական միջխորհրդարանական հարաբերությունների, երկու երկրների միջև հարաբերությունների և համագործակցության ներկա մակարդակի և Հայաստանի՝ Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի վերաբերյալ:
- Պարոն Դըվինազ, հանդիսանալով Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար՝ ինչպե՞ս կգնահատեք հայ-ֆրանսիական միջխորհրդարանական հարաբերությունների ներկա մակարդակը:
- Երկու երկրների միջև միջխորհրդարանական հարաբերությունները գերազանց են: Ֆրանսիան բազմիցս կողմ է քվեարկել Հայաստանին աջակցող տարբեր բանաձևերի՝ օգնելու Հայաստանին գնալ դեպի ժողովրդավարություն, ինչը ներկայում հանդիսանում է Հայաստանի հիմնական հենասյուներից մեկը:
- Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերն՝ ուղղված երկրում ժողովրդավարության հիմքերի առավել ամրապնդմանը:
- ՀՀ կառավարությունը, բնականաբար, դրան ուղղված քայլեր իրականացնում է՝ չնայած, որ ամեն ինչ չէ, որ կատարյալ է, ինչպես և ֆրանսիական ժողովրդավարության մեջ ամեն ինչ չէ, որ կատարյալ է: Այդուհանդերձ, շատ կարևոր է, որ մեր երկու երկրներն ունեն այդ համագործակցությունը՝ հատկապես ռազմական ոլորտում: Դա շատ կարևոր սյուն է հանդիսանում Հայաստանի և Ֆրանսիայի հարաբերություններում:
- Պարոն Դըվինազ, ո՞րն է Ձեր դիրքորոշումն ու տեսակետը՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցությունների հետ:
- Առաջին հերթին, Ֆրանսիան սատարում և հարգում է Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Հայաստանը փոքր երկիր է, որը գտնվում է ճանապարհների խաչմերուկում, ուստի շատ կարևոր է, որ պատերազմները դադարեցվեն Հարավային Կովկասում, քանի որ Հայաստանը կարող է շատ լավ կապող օղակ լինել տարածաշրջանում:
- Պարոն Դըվինազ, այդ համատեքստում ինչպիսի՞ն է Ֆրանսիայի դիրքորոշումը ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ:
- Այդ նախագիծը դրական ենք գնահատում, քանի որ նման ծրագիր իրականացնելը շատ խելամիտ որոշում էր: Այն կբարելավի նաև հարաբերությունները տարբեր երկրների հետ: Այդ նախաձեռնությունը խոսում է նաև այն մասին, որ Հայաստանը պատրաստ է տարբեր երկրների հետ երկխոսություն իրականացնել: