10/09/2024 11:35
ԱԱԾ-ն առաջարկում է մի շարք մարմիններում բարձրացնել գաղտնիության ռեժիմի մակարդակը
ԱԱԾ-ն առաջարկում է մի շարք մարմիններում բարձրացնել գաղտնիության ռեժիմի մակարդակը:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներն ու փոփոխությունները պայմանավորված են պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում ու իրավաբանական անձանց մոտ գաղտնիության ռեժիմի ապահովման մակարդակի բարձրացման, ոլորտում հնարավոր իրավախախտումների կանխարգելման ու վերացման, գաղտնի տեղեկությունների արտահոսքին նպաստող պայմանները բացառելու անհրաժեշտությամբ»,- Ազգային ժողովում ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը։
Առաջարկվում է օրենսգիրքը լրացնել նոր` 206.20-րդ հոդվածով, որը վերաբերում է պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանության բնագավառի օրենսդրության պահանջները չկատարելուն: Լրացվող հոդվածով նախատեսված իրավախախտումները քննելու լիազորությունը վերապահվում է ԱԱԾ-ին` համապատասխան լրացում կատարելով օրենսգրքի 224.1 հոդվածում` միաժամանակ սահմանելով ԱԱԾ տնօրենի` վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը սահմանելու լիազորությունը:
Ակնկալվում է, որ նախագծի ընդունման արդյունքում Ազգային անվտանգության ծառայությունն առավել արդյունավետ կիրականացնի գաղտնիության ռեժիմի ապահովման միջգերատեսչական վերահսկողության իր գործառույթը:
Նախագծի ընդունումը խթան կհանդիսանա կազմակերպությունների, իրավաբանական անձանց եւ գաղտնիության ռեժիմի ապահովման համար պատասխանատու ստորաբաժանումների ու պաշտոնատար անձանց կողմից գաղտնիության ռեժիմի ապահովման ուղղությամբ, միաժամանակ հանդիսանալով լրացուցիչ կանխարգելիչ միջոց` հայտնաբերված թերությունները եւ խախտումները հետագայում չկրկնելու, դրանց ծավալն էականորեն կրճատելու համար: