10/09/2024 19:51
Քաղաքապետարանը 644 000 դոլարի 20 նոր էլեկտրամոբիլներ է գնել․ Իսկ ո՞ւմ է սպասարկելու թանկարժեք Mercedes EQE500-ը
Երևանի քաղաքապետարանը 644 հազար դոլարով 21 հատ էլեկտրամոբիլ է գնել։ Այդ մասին «Հետք»-ը տեղեկացել է Երևանի քաղաքապետարանից։ Մեքենաների գնման պայմանագրերի ուսումնասիրությամբ պարզ է դառնում, որ ձեռք է բերվել 2023 թ․-ի մեկ Mercedes EQE500 և 2024 թ․-ի արտադրության 20 հատ BYD song plus ավտոմեքենա։ Ի դեպ, Mercedes-ի գնով հնարավոր է ձեռք բերել 3 հատ BYD։
Երևանի քաղաքապետարանը այս տարվա մայիսին ձեռք է բերել 20 նոր էլեկտրամոբիլ։ Էլեկտրամոբիլները BYD song plus մակնիշի են, 2024 թվականի արտադրության։ Մեքենաների գնման համար հայտարարվել է էլեկտրոնային աճուրդ։ Ամենացածր գնառաջարկը ներկայացրել է «Էկո մոթորս գրուպ» ՍՊԸ-ն։ Մեքենաներից յուրաքանչյուրի արժեքը 11 մլն դրամ է՝ մոտ 28 հազար դոլար։ Քաղաքապետարանից «Հետք՛-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ էլեկտրամոբիլները սպասարկում են Երևանի քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումներին։
«Էկո մոթորս գրուպ» ՍՊԸ-ից Երևանի քաղաքապետարանը ևս մեկ գնում է կատարել այս տարվա օգոստոսին։ Այս անգամ քաղաքապետարանը մոտ 33 մլն դրամ է վճարել 2023 թվականի արտադրության Mercedes EQE500 մակնիշի էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար։
Թե ում է սպասարկելու թանկարժեք Mercedes EQE500-ն, Երևանի քաղաքապետարանից խոստացել են գրավոր հարցմամբ պատասխանել։ Կարելի է ենթադրել, որ Mercedes EQE500-ը գուցե սպասարկի քաղաքապետ Տիգրան Ավինյանին։
«Էկո մոթորս գրուպ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2021 թ.-ին։ Միակ բաժնետերը Արմեն Արիստակեսի Աբրահամյանն է։ Մատակարար ընկերության հիմնադիր-սեփականատերը համատեղ բիզնես ունի Քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական Արտավազդ Թարխանյանի հետ։ Արմեն Աբրահամյանն ու Արտավազդ Թարխանյանը 2024 թ.-ին հիմնադրել են «Էկո բիլդ գրուպ» ՍՊԸ-ն, որը մատուցում է կառուցապատման ծառայություններ՝ նախագծում, շինարարական աշխատանքների պլանավորում և կառավարում։
«Էկո մոթորս գրուպ» ՍՊԸ-ն թանկարժեք էլեկտրամոբիլներ է մատակարել նաև մի շարք այլ համայնքային և պետական կառույցների։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում