10/09/2024 21:14
Ադրբեջանը մերժել է Փաշինյանին՝ ստորագրել «խաղաղության» պայմանագրի՝ արդեն համաձայնեցված դրույթները և կրկին պայման է առաջ քաշել՝ փոխել Հայաստանի սահմանադրությունը
Ադրբեջանն իր արտգործնախարարության մամուլի խոսնակի մակարդակով արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ նշելով, որ չեն ընդունում «խաղաղության պայմանագրի» համաձայնեցված դրույթները հիմա ստորագրելու նրա առաջարկը։ Բացի այդ, Բաքվից կրկին Հայաստանի սահմանադրությունը փոխելու պահանջ են ներկայացրել ՀՀ գործող իշխանություններին։
«Անընդունելի է «խաղաղության պայմանագրի» նախագծի ստորագրումը՝ դրանից հանելով չհամաձայնեցված կետերը»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ հավելելով, թե անընդունելի են նաև «առկա խնդիրների լուծումը հաջորդ փուլ տեղափոխելու՝ ՀՀ իշխանությունների փորձերը»։
«Եվս մեկ անգամ հիշեցնում ենք՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև իրական և տևական խաղաղության համաձայնագրի ստորագրման հիմնական պայմանը Հայաստանի բազմաթիվ իրավական և քաղաքական փաստաթղթերում ձևակերպված՝
Ադրբեջանի նկատմամբ շարունակվող «տարածքային պահանջների» դադարեցումն է։ Այդ պահանջն այդ թվում՝ Հայաստանի Սահմանադրությունում է, որը հղում է անում Անկախության հռչակագրին, որում էլ իր հերթին նշվում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորման մասին»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղարը։