11/09/2024 18:18
Ադրբեջանի սահմանադրությունն է պարունակում տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ, բայց հարցը չենք բարձրացնում․ Փաշինյան (Տեսանյութ)
Հարցն այն է, թե Ադրբեջանն ուզո՞ւմ է, որ մեր Սահմանադրության մեջ լինի տարածքային պահանջ իրենց նկատմամբ, թե՞ ունի անկեղծ մտահոգություններ, որ այդպիսի բան կա, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին, անդրադառնալով ՀՀ սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի պահանջներին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել․ «Ենթադրենք՝ ստորագրեցինք Խաղաղության պայմանագիրը, որտեղ գրված է, որ ՀՀ-ն Ադրբեջանից և Ադրբեջանը ՀՀ-ից տարածքային պահանջներ չունի, ճանաչում է տարածքային ամբողջականությունը և պարտավորվում է ապագայում որևէ պահանջ չներկայացնել։ Հարցը գնում է ՍԴ, եթե ՍԴ-ն որոշում է, որ այս դրույթը մեր Սահմանադրությանը չի համապատասխանում, արձանագրում է, որ իրոք ունենք տարածքային պահանջներ Ադրբեջանից, ասում ենք՝ ուրիշ իրավիճակ է։ Իսկ եթե ասում է, որ համապատասխանում է Սահմանդրությանը , ուղարկում է ԱԺ, և դա էլ վավերացվում է, և այն դրույթը, որը չունի պահանջներ, ստանում է բարձրագույն իրավաբանական ուժ։ Այսինքն՝ թուղթը ստորագրվում է, վավերացվում է, Ադրբեջանի մտահոգություններն ամբողջությամբ դուրս են գալիս»,-նշեց նա։
Փաշինյանը հայտարարեց, թե Ադրբեջանի սահմանադրությունն է պարունակում տարածքային պահանջներ ՀՀ-ի նկատմամբ։
«Բայց հարցը ինչո՞ւ չենք բարձրացնում, որովհետև Խաղաղության պայմանագրի այս ընթացակարգը, որը մեզ մոտ տեղի է ունենալու, հայելային տեղի է ունենալու նաև իրենց մոտ և լուծվելու է։ Այստեղ է հարցի լուծումը»,-ասաց նա։
Փաշինյանը նշեց նաև, որ անկախ վերլուծաբաններ կան, որոնք ասում են, թե Ադրբեջանը ՀՀ-ի Սահմանադրության շուրջ քննարկումներով փակուղի է տանում խաղաղության գործընթացը, որ ստիպված չլինի անդրադառնալ, կամ բաց պահի իր սահմանադրության մեջ ունեցած տարածքային պահանջները։
«ՀՀ-ին մեղադրելով չի կնքվում, ինչը նշանակում է, որ Ադրբեջանի Սահմանադրության մեջ առկա սահմանային պահանջները շարունակում են դե յուրե ուժ ունենալ»,-ասաց Փաշինյանը։