11/09/2024 14:04
Երկու օրվա ընթացքում թմրամիջոցի ավելի քան 150 փաթեթ է տեղադրել Երևանի տարբեր մասերում
2024թ․ սեպտեմբերի 4-ին Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում ծառայություն իրականացնող ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկները ժամը 14:35-ի սահմաններում ծառայողական ավտոմեքենայով Գրիբոյեդովի փողոցում նկատել են քաղաքացու, ում ձեռքի մեջ երևացել է կապույտ գույնի կպչուն ժապավենով փաթեթավորված 2 փաթեթ:
Վերջինս, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու, իրացնելու կասկածով տեղափոխվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժին։ Պարզվել է, որ վերջինս Երևան քաղաքի բնակիչ է՝ 35 տարեկան։
Անձնական խուզարկությամբ նրա կիսատաբատի գրպանից հայտնաբերվել է կապույտ գույնի կպչուն ժապավենով փաթեթավորված 2 փաթեթ, որոնց մեջ առկա է եղել 7.56 գրամ նախնական քաշով բուսական զանգված՝ յուրահատուկ հոտով։
Պարզվել է, որ 35-ամյա երիտասարդը սույն թվականի սեպտեմբերի 3-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, տելեգրամյան ալիքից պատվիրել է 110 փաթեթ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որի մի մասը, իրացնելու նպատակով, տեղադրել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ տարբեր վայրերում:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 396-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ, և հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով 35-ամյա տղամարդը ձերբակալվել է։
Նախաքննության ընթացքում կատարված քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերջինս դեռևս 2024թ․ հուլիսի 20-ից 100 ԱՄՆ դոլար դեպոզիտ գումար մուտքագրելով տելեգրամյան նույն կայք-էջի միջոցով իրեն փոխանցված հաշվեհամարին, ամենօրյա ռեժիմով սկսել է ձեռք բերել օրական շուրջ 20-50 փաթեթ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որոնք տեղադրել է Երևան քաղաքի Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն և Ավան վարչական շրջանների բազմաթիվ վայրերում։
Միայն սեպտեմբերի 3-ին և 4-ին նա Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջաններում տեղադրել է ընդհանուր 154 փաթեթ թմրամիջոց, ապա լուսանկարել դրանց գտնվելու վայրերը և կոորդինատներն ուղարկել տելեգրամյան նշված կայք-էջին՝ յուրաքանչյուր փաթեթի դիմաց 7 դոլար գումար ստանալու պայմանով։ Ըստ ստացված տվյալների՝ գումարները փոխանցվում են՝ փոխակերպվելով կրիպտոարժույթներով։
Երիտասարդը պարեկների կողմից կանգնեցվել և ձերբակալվել է թմրամիջոցների տեղադրման վայրերի լուսանկարները տելեգրամյան կայքի օգտատիրոջն ուղարկելու ընթացքում։
Վերջինիս մասնակցությամբ կատարվել է համապատասխան քննչական գործողություն, որի ընթացքում Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների մի շարք վայրերից հայտնաբերվել են 13 փաթեթ թմրամիջոցի նմանվող զանգվածներ։
Նախաքննության ընթացքում նշանակված դատաքիմիական փորձաքննության նախնական արդյունքների համաձայն՝ անձի մոտ հայտնաբերված ու փորձաքննության ներկայացված փաթեթներում առկա զանգվածը «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց է:
Ձեռք բերված փաստերի հիման վրա 35-ամյա անձի նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքի կատարման համար, հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նրան ներկայացվել է մեղադրանք։ Միջնորդություն է հարուցվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: