11/09/2024 19:46
Մեր նպատակն այն չէ, որ Ադրբեջանը բան զիջի. Կիրանցի պատը 3-րդ հանրապետության ամենամեծ հաջողությունն է. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ Սյունիքից ու Տավուշից զորք հետ չենք քաշել:
«Դուք այն տեղը, որն անվանում եք Սյունիք, որ զորք է հետ քաշվել, դրանով դուռ եք բացում Ադրբեջանի համար, որ ասի «Արևելյան Զանգեզուր», «Արևմտյան Զանգեզուր»: Դուք խոսում եք Տավուշից զորք հետ քաշելու մասին, մենք Տավուշում զորք հետ չենք քաշել»,- ԱԺ-ում, պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին, ասաց նա:
Փաշինյանը վստահեցնում է նաև, թե Կիրանցում այսօր խաղաղություն կա:
«Գնացեք ու տեսեք` Կիրանցի, Ոսկեպարի, Բաղանիսի ժողովուրդը վախեցա՞ծ է, թե՞ վախեցած չէ»,- նշեց նա:
Ըստ վարչապետի` այն, ինչ անում են իրենք, անում են հանուն Հայաստանի պետական շահերի` անկախ նրանից` որևէ մեկն ինչ-որ բան զիջո՞ւմ է, թե՞ ոչ:
«Մեր նպատակն այն չէ, որ Ադրբեջանը բան զիջի»,- ասաց նա:
Դիմելով ընդդիմությանը` Փաշինյանը նշեց. «Դուք քնում, արթնանում եք ու մտածում` Ադբեջանն ի՞նչ զիջեց, իսկ ես մտածում եմ` Հայաստանն ի՞նչ շահեց»:
Նիկոլ Փաշինյանն ասաց նաև, թե Կիրանցի պատը 3-րդ հանրապետության ամենամեծ հաջողությունն է, որովհետև, նրա խոսքով, դրանից Հայաստանը ստացել է «պետական սահման, խաղաղություն ու անվտանգություն, բայց` փոքր հատվածում»: