11/09/2024 20:36
Մազերի խնամքը քիմիաթերապիայի ընթացքում․ Խորհուրդներ
Մազերը արտաքինի կարևորագույն բաղադրիչներց են, դրանց կորուստը քիմիաթերապիայի ընթացքում շատերի մոտ վախ է առաջացնում: Սակայն հիվանդները պետք է հիշեն, որ բուժումը ոչնչացնում է նաև քաղցկեղային բջիջները և օգնում է ձերբազատվել ուռուցքից: Մազաթափությունը քիմիաթերապիայի հետևանքով հաճախակի հանդիպող կողմնակի ազդեցություններից է, այնուամենայնիվ, ոչ բոլոր դեղամիջոցներն են դա առաջացնում:
Եթե նման կողմնակի ազդեցությունը հավանական է կոնկրետ բուժման դեպքում, ապա բժիշկն անպայման բուժառուին կտեղեկացնի այդ մասին:
Սկզբում մազերը կնոսրանան, այնուհետև կարող են ամբողջովին թափվել, և այդ գործընթացը տեղի կունենա մարմնի մազածածկ բոլոր հատվածներում (գլուխ, դեմք, ձեռքեր, ոտքեր, թևատակեր):
Բուժման ավարտից հետո ինչպես գլխի, այնպես էլ մարմնի այլ հատվածների մազերը նորից կսկսեն աճել, որը երբեմն կարող է տեղի ունենալ հենց բուժման ընթացքում: Նոր աճած մազերը կարող են տարբերվել նախորդներից իրենց գույնով, խտությամբ և որակով:
Հնարավոր է՝ մազերը թափվեն ոչ թե բուժման ամենասկզբում, այլ քիմիաթերապիայի առաջին կուրսից մի քանի շաբաթ անց, ինչպես նաև բուժման մի քանի կուրս ընդունելուց հետո: Մազաթափությունը կարող է տեղի ունենալ աստիճանաբար կամ զանգվածային կերպով, իսկ պահպանված մազերը կարող են դառնալ չոր և փխրուն:
Ինչպե՞ս խնամել մազերը քիմիաթերապիայի ընթացքում
Օգտագործել նուրբ ու խոնավեցնող շամպուններ ու բալզամներ,
մազերը հարդարել փափուկ խոզանակով,
վարսահարդարիչ կիրառելիս ընտրել ցածր ջերմաստիճան,
ընտրել կարճ սանրվածք. այդպես մազերը ավելի խիտ ու փարթամ տեսք կունենան, որի շնորհիվ փոքր-ինչ դյուրին կլինի մազերի կորստի հետ հաշտվելը:
Եթե մազերն ամբողջությամբ են թափվել, ապա ցանկալի է գլխամաշկի պաշտպանության համար արևապաշտպան քսուք օգտագործել և գլխարկ կրել:
Բուժման ողջ ընթացքում չի կարելի օգտագործելմազերը գանգրացնելու կամ ուղղացնելու համար նախատեսված վարսահարդարման սարքեր։
Արգելվում է ներկել կամ գունաթափել մազերը: Դա կարելի է անել բուժումից նվազագույնը վեց ամիս հետո:
Խորհուրդ է տրվում օգտագործել փափուկ, հարթ բարձի երես:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ