11/09/2024 17:53
Նիկոլ Փաշինյանը կոչ արեց չանհանգստանալ` ազգային անվտանգության ռազմավարության վրա շատ խորությամբ են աշխատում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ ինքը իր խոսույթով որևէ մեկի վրա մեղք չի բարդում:
«Դա կարող է լինել հարակից էֆեկտ, դրա առանցքային նպատակն է լուծել ուրիշ, շատ կարևոր մի հարց` հասկանալ, թե ի՞նչ է տեղի ունեցել, ինչո՞ւ է տեղի ունեցել, ո՞րն է պատճառը, ինչքանո՞վ կարող էինք ազդել ու ի՞նչ կարող ենք ստանալ: Սա շատ կարևոր նրբություն է: Մեր ընկալումն այն չէ, որ մեր մեղքը բարդենք ուրիշի վրա»,- ԱԺ-ում հայտարարեց նա:
Փաշինյանն ասաց, թե ՀՀ պետական համակարգին, ցավոք սրտի, հատուկ է, որ սկզբից թուղթ են ստեղծում, հետո նոր՝ բովանդակությունը:
Նա ասաց, որ ՀՀ անվտանգության խորհրդում թե՛ նեղ, թե՛ ընդլայնված կազմով, տեղի են ունենում շատ լուրջ ռազմավարական հարցերի քննարկումներ:
«Կայացվում են ռազմավարական որոշումներ, որոնք սահմանված կարգով արձանագրվում են, ու կան ինստիտուտներ, որոնք այդ ուղղությամբ աշխատում են: Մենք աշխատում ենք ազգային անվտանգության ռազմավարության վրա, բայց, կներեք, պետք է ասեմ` ազգային անվտանգության ռազմավարության բովանդակությունը պետք է ձևավորվի, նոր ինստիտուտների միջին օղակի աշխատողներն այն դնեն թղթի վրա, ոչ թե հակառակը։ Հիմա դա է տեղի ունենում ու տեղի է ունենում ոչ հրապարակային»,- նշեց նա։
Նիկոլ Փաշինյանը կոչ արեց չանհանգստանալ` աշխատանքը շատ խորությամբ է արվում: