11/09/2024 19:29
«Ալեն Ռոբերտովիչը պարզապես ուշադիր չի հետևել Նիկոլ Վովաևիչի մամուլի ասուլիսին»․ Մարիա Զախարովան Հայաստանի «որոշ քաղաքական գործիչների» մի քանի փաստ է հիշեցրել
Ռուս սահմանապահները բազմիցս գործնականում են ապացուցել, որ իրենք պետք են Հայաստանին, ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ արձագանքելով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե Հայաստանի իշխանությունները պետք է մտածեն Իրանի և Թուրքիայի հետ սահմանին ռուս սահմանապահների ներկայության նպատակահարմարության մասին։
«Լսել եմ այդ ակնարկները։ Հնարավոր է՝ Ալեն Ռոբերտովիչը պարզապես ուշադիր չի հետևել Նիկոլ Վովաևիչի մամուլի ասուլիսին։ Անհրաժեշտ է հիշեցնել, որ հիմնական փաստաթուղթը, որը կարգավորում է մեր սահմանապահների գործունեությունը Հայաստանում, «ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի ու նրանց կենսագործունեության պայմանների մասին» երկկողմ պայմանագիրն է՝ կնքված 1992 թվականի սեպտեմբերի 30-ին։ Ընդ որում, այն անժամկետ է։
Ավելի քան 30 տարի ռուս սահմանապահներն իրենց հայ զինակից եղբայրների հետ հսկում են Հայաստանի Հանրապետության սահմանները և բազմիցս գործնականում ապացուցել են Հայաստանում իրենց ներկայության պահանջված լինելը»,- ասել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հավելել է՝ Երևանում «որոշ քաղաքական գործիչների» ակնհայտորեն նյարդայնացնում է փաստը, որ սահմանային ծառայությունների միջև իսկապես լայնածավալ և արդյունավետ փոխգործակցություն է հաստատված։
Ինչ վերաբերում է Հայաստանից ռուս սահմանապահներին դուրս բերելու հետևանքներին, ապա, Զախարովայի խոսքով, առաջին հերթին պետք է հաշվի առնել, թե «ինչպես կազդի սահմանի «մերկացումը» Հայաստանի անվտանգության վրա՝ տարածաշրջանում իրավիճակի ամբողջական կարգավորման բացակայության դեպքում»։