11/09/2024 09:00
«Ժողովուրդ». ՀՀ-ում քաղաքացու քվեն արհամարհող նման իշխանություն երբեք չի եղել. Իշխանությունները պարզապես խլում են համայնքապետի պաշտոնը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«2018թ.-ի հոկտեմբերի 20-ին Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Խոստում – Ես բացառում եմ, որ ՀՀ-ում մեր կառավարության օրոք որևէ ընտրություն կեղծվի»:
Իրականում ՀՀ-ում քաղաքացու քվեն արհամարհող նման իշխանություն երբեք չի եղել: Ընտրությունները կայանում են, իշխանական թեկնածուն պարտվում է ընտրություններում, որից հետո կալանավորվում է ընտրված համայնքապետը, ինչպես եղավ Վանաձորում, Վարդենիսում (ավագանին) կամ ճնշումների, խոչընդոտներ հարուցելու արդյունքում կրկնակի ընտրություններ են նշանակում, ինչպես եղավ Թալինում, Վեդիում, Սիսիանում և այլ վայրերում։ Եվ, ի վերջո, պարզապես խլում են համայնքապետի պաշտոնը, ինչպես տեղի ունեցավ Ալավերդիում և Գորիսում։
Հիշեցնենք նաև, որ ընտրակեղծիքները մերժող ՔՊ-ն կեղծել է անգամ իր՝ կուսակցության ներսում անցկացված ընտրությունների արդյունքները։ «ժողովուրդ», օրաթերթը բացահայտեց, որ 2022թ․ հոկտեմբերի 29-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վեցերորդ համաժողովը։ Ներկա 1060 պատվիրակներն ընտրել են վարչության 15-հոգանոց կազմ։ Հետո աղմուկ է բարձրացել, որ ՔՊ-ի ներսում քվեարկությունը կեղծվել է և տեղի է ունեցել ձայների վերահաշվարկ։
Արդյունքում, փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը և խորհրդանում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, փաստորեն, կեղծիքով են ընտրվել վարչության կազմում։ Նրանք դուրս են մնացել, և նրանց փոխարեն վարչության կազմը համալրել են Արսեն Թորոսյանը և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, որոնց օգտին տրված ձայները կեղծվել էին։
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ գործել է ընտրակեղծարարների թիմ։ Իսկ ընտրակեղծիքների մասին առաջինը հայտնել էր հենց Արսեն Թորոսյանը և պահանջել վերահաշվարկ, որի արդյունքում էլ՝ դարձել էր վարչության անդամ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում