11/09/2024 10:20
Նարեկ Մկրտչյանը և Հունգարիայի ԱԳ նախարարը քննարկել են նաև ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց աջակցության միջոցառումները
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի հետ։
Անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, մասնավորապես՝ աշխատանքի և զբաղվածության ապահովման գործընթացներին, ոլորտային ռազմավարություններին, խոցելի խմբերին մատուցվող ծառայություններին, սոցիալական արդարության ապահովման կարևորությանը։
Քննարկվել է նաև ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց աջակցության միջոցառումները, իրականացված ու ընթացիկ ծրագրերը՝ այս համատեքստում շեշտելով նաև Հունգարիայի կառավարության կողմից ցուցաբերված աջակցության կարևորությունն ու դրա շարունակականության ապահովման պատրաստակամությունը։
Անդրադարձել են նաև օգոստոսին երկու երկրների համագործակցությամբ իրականացված նախաձեռնություններից մեկին, որի շրջանակում ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 120 երեխա մեկնել է Հունգարիա՝ մասնակցելու ամառային ճամբարի:
Ընդգծվել է, որ նման նախաձեռնությունները ոչ միայն նոր փորձառություն ու լավ ժամանց են հաղորդում երեխաներին, այլև էապես նպաստում նրանց հուզական և հոգեբանական ապաքինմանը: Նախատեսվում է, որ նախաձեռնությունը կրելու է շարունակական բնույթ՝ ճամբար մեկնելու հնարավորություն տալով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 1000 երեխայի։