12/09/2024 14:16
Հպարտությամբ եմ նշում՝ հեղափոխությունից հետո Ազգային ժողովում մեծամասնություն են կազմում երիտասարդ պատգամավորները. Ալեն Սիմոնյան
Այսօր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատմության հիշարժան օրերից մեկն է՝ հիշարժան այն իմաստով, որ առաջին անգամ մեր երկրում անցկացվում է Միջխորհրդարանական միության այսպիսի ներկայացուցչական միջոցառում, այն է՝ Երիտասարդ պատգամավորների 10-րդ գլոբալ համաժողովը, որին մասնակցում են կազմակերպության 60 անդամ խորհրդարանների 150 երիտասարդ պատգամավորներ, ասոցացված անդամներ, փորձագետներ, ակադեմիական շրջանակների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի բացման արարողությանը հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա նշել է, որ Երեւանում համաժողովի անցկացման գաղափարը ծագել է երեք տարի առաջ՝ Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ:
«Մի քանի տարի առաջ Մարտին Չունգոնգը սկիզբ դրեց «Ես ասում եմ, այո՛, խորհրդարաններում երիտասարդների մասնակցությանը» (I say yes to youth in parliaments) նախաձեռնությանը, որին միացել են անդամ երկրների խորհրդարանների նախագահներ ու պատգամավորներ, այդ թվում՝ ես:
Հպարտությամբ եմ նշում այն հանգամանքը, որ 2018 թվականի թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունից հետո այսօր Հայաստանի Ազգային ժողովում մեծամասնություն են կազմում երիտասարդ պատգամավորները:
Ավելին, ըստ Միջխորհրդարանական միության անցկացրած ուսումնասիրության արդյունքների՝ ՀՀ Ազգային ժողովը երիտասարդ պատգամավորների թվաքանակով զբաղեցնում է առաջին հորիզոնականը:
Այս հանգամանքը եւս կարեւոր դեր ունեցավ համաժողովը Երեւանում անցկացնելու մեր որոշման հարցում:
Ներկայիս համաժողովում քննարկվելիք թեման եւ ենթաթեմաները վերաբերում են երիտասարդների կրթությանն ու զբաղվածությանը. հարցեր, որոնք երբեք չեն կորցնում իրենց արդիականությունը»,- նշել է Սիմոնյանը։
ԱԺ նախագահի խոսքով՝ երիտասարդներդը պետք է պատրաստ լինեն ստանձնելու առաջնորդությունը եւ ակտիվ մասնակցություն ունենան երկրների զարգացման մեջ:
«Ձեր գիտելիքներն ու հմտությունները պետք է դառնան ձեր ամենահզոր գործիքները՝ դժվարությունները հաղթահարելու համար: Մեր պարտքն է՝ աջակցել ձեզ բոլոր հնարավոր միջոցներով:
Դուք ունեք մեծ ներուժ փոխելու աշխարհը, քանի որ առավել ճկուն եւ համարձակ եք, քան նախորդ սերունդները: Պատմությունը ցույց է տվել, որ բնական մրցակցությունը նպաստում է առաջընթացին, եւ դուք ունեք բոլոր հնարավորությունները դառնալու առաջնորդներ:
Առաջիկա երկու օրերի ընթացքում դուք՝ աշխարհի երիտասարդներդ, հնարավորություն կունենաք միմյանց հետ հետաքրքիր ու շահագրգիռ քննարկումներ ունենալու ձեզ հուզող հարցերի վերաբերյալ, նոր ծանոթություններ հաստատելու եւ ծանոթանալու մեր հրաշալի երկրի ու նրա բնակիչների հետ: Լիահույս եմ, որ սա ձեր վերջին այցելությունը չէ Հայաստանի Հանրապետություն. մենք մշտապես սպասում ենք ձեզ մեր երկրում»,- հավելել է Սիմոնյանը։