12/09/2024 14:57
Արշակյանը և Սերբիայի խորհրդարանի նախագահի տեղակալը կարևորել են ուղիղ չվերթների անհրաժեշտությունը
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Սերբիայի Ազգային ժողովի փոխնախագահ Էդին Դերլեքի գլխավորած պատվիրակության հետ սեպտեմբերի 12-ին հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:
Հանդիպմանը մասնակցել է ՀՀ ԱԺ Հայաստան-Սերբիա բարեկամական խմբի անդամ Միքայել Թումասյանը, ինչպես նաեւ Սերբիայի Սկուպշչինայի պատգամավոր, Միջխորհրդարանական միությունում Սերբիայի Հանրապետության մշտական պատվիրակության անդամ Իվանա Ստամատովիչը եւ ՀՀ-ում Սերբիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Տատյան Պանայոտովիչ Ցվետկովիչը։
Ողջունելով հյուրերին՝ Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ Հայաստանն ու Սերբիան ունեն պատմական կապեր, իսկ ժողովուրդները՝ ջերմ բարեկամական հարաբերություններ:
Կարեւորելով Սերբիայի հետ համագործակցության շարունակական եւ արդյունավետ զարգացումը՝ ԱԺ փոխնախագահը համոզմունք է հայտնել, որ մի շարք ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, զբոսաշրջության փոխգործակցությունն ավելի խորացնելու մեծ ներուժ կա: Այս համատեքստում կողմերը կարեւորել են երկու երկրների միջեւ ուղիղ չվերթների իրականացման անհրաժեշտությունը՝ հատկապես հաշվի առնելով Սերբիայի հետ առանց մուտքի արտոնագրի ռեժիմ ունենալու հանգամանքը:
«Ուրախ ենք, որ Հայաստանում ենք եւ մասնակցում ենք համաժողովի աշխատանքներին: Կարեւորում ենք Սերբիա-Հայաստան միջխորհրդարանական գործակցության խորացումը: Այս հարցում նշանակալի է բարեկամական խմբերի արդյունավետ աշխատանքը»,- ընդգծել է Էդին Դերլեքը: Նա եւս խոսել է մի շարք բնագավառներում առկա ներուժի օգտագործման հնարավորությունների մասին։
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակում երկկողմ համագործակցության կարեւորությանը:
Հակոբ Արշակյանը հույս է հայտնել, որ առաջիկա օրերին պատվիրակության անդամներն արդյունավետ հանդիպումներ եւ քննարկումներ կունենան: