12/09/2024 09:51
«Հրապարակ». «Հայաստան» խմբակցությունը կենցաղային, առօրեական հարցերով էր հետաքրքրված, մեկ-երկու բացառությունը չհաշված
«Հրապարակ» թերթը գրում է. «Ամառային արձակուրդներից հետո իշխանության և ընդդիմության առաջին հանդիպումը խորհրդարանում՝ հարցուպատասխանի ֆորմատով, երեկ անցավ, մեղմ ասած, հանգիստ, բավականին «ջան-ջիգյար», փոխադարձ հարգանքի մթնոլորտում։ Չնայած Հայաստանի շուրջ եռացող մարտահրավերներին, իշխանությունների ստորագրած սահմանազատման վերաբերյալ խայտառակ կանոնակարգին, խորհրդարանական ընդդիմությունը, ի դեմս «Հայաստան» խմբակցության, այլ՝ կենցաղային, առօրեական հարցերով էր հետաքրքրված, մեկ-երկու բացառությունը չհաշված:
Մասնավորապես, Գառնիկ Դանիելյանը գոռգոռաց, թե ինչու սահմանազատման կանոնակարգում քարտեզ չեք նշել, ասենք` 75 թվականի քարտեզը, որ Ադրբեջանը նոր քարտեզով գա ու նոր պահանջնե՞ր ներկայացնի: Արթուր Խաչատրյանի հարցի մեջ մի թեթև անդրադարձ կար սահմանազատման թեմային, սակայն, մեծ հաշվով, իշխանությանը պատին դեմ չտվեցին՝ սահմանազատման նման փաստաթուղթ ստորագրելու և պետությունը նոր զիջումների տանելու համար։ Մի քիչ Փաշինյանին նեղեց Ագնեսա Խամոյանը` կրիմինալ իրավիճակի ու Նալբանդյան գյուղում սպանության համար, և վերջ: Բայց երկուստեք ավելի մեղմ էին հռետորաբանությունն ու լեքսիկոնը: Դիցուք, Լևոն Քոչարյանը նախկինի պես Նիկոլ Փաշինյանին «կառավարության գլուխ» չանվանեց, այլ նրա մասին խոսելիս «Հայաստանի Հանրապետության վարչապետ» ասաց։ Իսկ Փաշինյանն էլ ամբիոնից ոչինչ «թափ չտվեց» և ոչ մի հիստերիկ ու գռեհիկ պիտակ չօգտագործեց»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում