12/09/2024 19:28
Վրաստանում հայտարարել են՝ դրսից միջամտում են իրենց ներքին գործերին․ Ռուսական հետախուզությունն էլ դա վկայող տվյալներ է տրամադրել
Վրաստանի իշխանությունները երկրի գործերին արտաքին միջամտության վերաբերյալ փաստերի են տիրապետում, այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
Որպես օրինակ՝ Պապուաշվիլին մատնանշել է Դանիայի կառավարության կողմից վրացական ընդդիմադիր քաղաքական կուսակցություններին ֆինանսավորելու փաստը ու ընդգծել՝ այն բանից հետո, երբ Վրաստանի իշխանությունները դատապարտել են դա և այդ ֆինանսավորումը որակել որպես միջամտություն երկրի ներքին գործերին, այն էլ՝ նախընտրական շրջանում, Դանիայից ֆինանսավորումը դադարեցվել է։
Բացի այդ, ինչպես նշել է Վրաստանի խորհրդարանի նախագահը, երկրի ոչ կառավարական կազմակերպությունները նախընտրական տեսահոլովակներ են պատրաստում ու տարածում՝ չնշելով դրանց ֆինանսավորման աղբյուրը։
«Մենք մեր հետախուզությունն ունենք ու գլուխ՝ մեր ուսերին, որպեսզի համապատասխան եզրահանգումներ անենք։ Մենք դրանք բարձրաձայնում ենք։ Խոսեցինք դանիական ֆինանսավորման մասին, տեսանք, որ այն դադարեց։ Այժմ փաստում ենք տեսահոլովակների պատրաստման համար դրսից տրամադրվող ֆինանսավորման մասին։ Այդ տեսահոլովակների հեղինակները թաքցնում են իրենց ֆինանսավորման աղբյուրը»,- ասել է Պապուաշվիլին։
Նշենք, որ այսօր, ավելի վաղ Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը տեղեկատվություն է տարածել, որ ԱՄՆ-ն և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը որոշել են միասին աշխատել Վրաստանի ուղղությամբ և միջամտել այնտեղ կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Ընտրություններից 10-20 օր առաջ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը պատրաստվում է հրապարակել միջանկյալ զեկույց՝ «եզրակացնելով», թե Վրաստանում չկան պայմաններ ազատ և արդար ընտրություններ անցկացնելու համար։ Իսկ քվեարկության առաջին արդյունքների հրապարակումից հետո «եզրակացություն» կներկայացնեն, որ ընտրական գործընթացը «չի համապատասխանում» ժողովրդավարության նորմերին։
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին։