12/09/2024 22:27
Ինչ կրքեր են բորբոքվել Դիլիջանում՝ Նիկոլ Փաշինյանի քեռու տղայի շուրջ․ մանրամասնում է Ոսկան Սարգսյանը
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրել է․
««Դիլիջան» ազգային պարկից հայտնում են, որ տևական ժամանակ լարված են ազգային պարկի տնօրեն, Դիլիջանի քաղաքապետի տեղակալ Արման Բազինյանի ընկեր Ռոբերտ Ալիխանյանի և ազգային պարկի տնօրենի օգնական, Նիկոլ Փաշինյանի քեռու տղա Մամիկոն Հովհաննիսյանի հարաբերությունները։ Վերջինս ժամանակին Նիկոլ Փաշինյանի մոտ բարեխոսել է, որպեսզի Ռոբերտ Ալիխանյանին նշանակեն ազգային պարկի տնօրեն ու հիմա նրան ասում է՝ ես եմ քեզ պաշտոնի նշանակել, ես էլ քեզ կհանեմ։ Ազգային պարկից մեր աղբյուրը, որը չցանկացավ, որ իր անունը հրապարակվի, հայտնեց, որ սեպետեմբերի 10-ին ազգային պարկի տարածքում վիճաբանություն է եղել, Ռոբերտ Ալիխանյանի հարազատը, ով ազգային պարկի աշխատող է, վիճաբանել է Մամիկոն Հովհաննիսյանի հետ, որի ընթացքում գործի է դրել ինքնաշեն ատրճանակ, մի անգամ կրակել է Մամիկոնի ոտքերի տակ մի քանի անգամ ՝ այլ ուղղությամբ ու դրանից հետո սպառնացել Մամիկոնին, որ նա ոստիկաններին չհայտնի, ասելով՝ ով ասի, բ․․․է, իր տղաները՝ բ․․-ի տղաներ։ Ոստիկանությունում քրեական գործ չի հարուցվել։ Ազգային պարկում ասում են, որ քրեական գործը հարուցվելու դեպքում այն կփակեր Նիկոլ Փաշինյանի հարսանիքի քավոր, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ով հովանավորում է Ռոբերտ Ալիխանյանին։
Դիլիջանի ազգային պարկի մեր աղբյուրը հայտնեց է, որ երեկ՝ սեպտեմբերի 11-ին Մամիկոն Հովհաննիսյանի վրա կրակածը ազգային պարկ, աշխատանքի է ներկայացել, իսկ Մամիկոն Հովհաննիսյանը, գտնվելով խիստ շփոթված, վախեցած վիճակում՝ արձակուրդ է վերցրել։ Այսօր՝ սեպտեմբերի 12-ին զանգահարեցի Դիլիջանի ազգային պարկի տնօրեն Ռոբերտ Ալիխանյանին։ Նա ժխտեց, որ կրակել են Մամիկոն Հովհանիսյանի վրա, ասաց, որ նման դեպք չի եղել, հայտնեց, որ իր և Մամիկոնի հարաբերությունները նորմալ, աշխատանքային հարաբերություներ են, Մամիկոնն էլ վերցրել է իր հերթական արձակուրդը։
Նիկոլ Փաշինյանը 2019-ի գարնանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չեմ ուզում մազոխիստի տպավորություն թողնել, բայց ուզում եմ տեղեկացնել, որ իմ անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իմ մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով: Կասկած չկա, որ գործը լիարժեք կքննվի եւ մեղավորները կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության: Սա նոր Հայաստան է, եւ վարչապետի որեւէ մերձավոր չի կարող վեր լինել օրենքից կամ լինել արտոնյալ»: Նիկոլ Փաշինյանն այդ գրառումը կատարել է իր քեռու տղայի՝ Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչ Մամիկոն Հովհաննիսյանի մասին։ 2019թ. ապրիլի 11-ին ՀՀ քննչական կոմիտեի վարույթ է ընդունվել ինստիտուտի դիպլոմն առերևույթ կեղծելու դեպքի առթիվ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործը ։ ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան» ազգային պարկ «ՊՈԱԿ-ի ինժեները, 2019թ. փետրվար ամսին կադրերի բաժին ներկայացնելով Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը 1993թ. «գյուղատնտեսության մեքենայացում» մասնագիտությամբ ավարտելու և ինժեներ-մեխանիկի որակավորում ստանալու մասին դիպլոմի պատճեն, նշանակվել է հիշյալ կազմակերպությունում բաժնի պետ-տնօրենի տեղակալի պաշտոնում: Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել ՊՈԱԿ-ի ինժեների կողմից կադրերի բաժին ներկայացված դիպլոմի՝ առերևույթ կեղծված լինելու մասին: 2019թ․ հունիսի 6-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է Մամիկոն Նապոլեոնի Հովհաննիսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասով և նրան դատապարտել 200 հազար դրամի չափով տուգանքի:
Սակայն Նիկոլ Փաշինյանի քեռու տղային «Դիլիջան» ազգային պարկում նորից են պաշտոն տվել։ Մամիկոն Հովհաննիսյանը 2022 թվականի հունիսի 8-ից ՊՈԱԿ-ում զբաղեցնում է տնօրենի օգնականի պաշտոնը։ Վերջինս ունի միջնակարգ կրթություն, աշխատանքի ընդունվելիս ներկայացրել է տեղեկանք այն մասին, որ սովորում է Հայաստանի եվրոպական համալսարանի Իջևանի մասնաճյուղում՝ «Կառավարում» մասնագիտությամբ»։