12/09/2024 12:03
Հայաստանում թմրամիջոցների շրջանառության դեպքերը նվազել են 29,3 տոկոսով. Աննա Վարդապետյան
2024 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում թմրամիջոցների շրջանառության դեպքերը նվազել են 29,3 տոկոսով, այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
Սա, ըստ նրա, ֆորմալ նվազում չէ, դա բացահայտման ու քննության որակի փոփոխությունն է, այն տեխնոլոգիաներին հասանելիությունը, որով շրջանառվում են թմրամիջոցները։
«Բացի այդ, հետաքրքիր վիճակագրություն կա մաքսանենգ ճանապարհով Հայաստան թմրամիջոցներ ներկրելու փորձի ու բացահայտված թմրամիջոցի քանակի հետ կապված, այստեղ մաքսանենգության աճ ունենք, ինչը նշանակում է, որ բացահայտման ցուցանիշն ավելացել է»,- նշեց նա։
Վարդապետյանի խոսքով՝ 2023 թվականին աճել էր առգրավված թմրամիջոցների քանակը, դրանք տարբեր տեսակի՝ մինչև ամենածանր թմրամիջոցներ են եղել։
«Կարևոր է, որ թմրամիջոցների այս քանակը դուրս է եկել շրջանառությունից, կարելի է գնահատել դրական ցուցանիշ քննության որակի տեսանկյունից»,- ասաց նա։