13/09/2024 21:22
«Ռուսաստանը կընդունի համապատասխան որոշումներ»․ Պուտինը հայտարարություն է արել՝ ուղղված ՆԱՏՕ-ին, ԱՄՆ-ին, Եվրոպային
«Եթե որոշում կայացվի ուկրաինական զինված ուժերին թույլ տալ արևմտյան զինատեսակներով հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքի խորքում, դա կնշանակի ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի, եվրոպական երկրների ուղիղ ներգրավվածություն հակամարտությանը։ Դա նաև էապես կփոխի հակամարտության բնույթը և կնշանակի, որ նշված երկրները պատերազմում են Ռուսաստանի հետ։ Այդ դեպքում Ռուսաստանը կընդունի համապատասխան որոշումներ՝ ելնելով այն սպառնալիքներից, որոնք կստեղծվեն իր համար»,- երեկ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Կրեմլում այսօր մեկնաբանել են նրա այս հայտարարությունը՝ նշելով, որ այն ուղիղ է, երկակիություն չի պարունակում, ուստի բացառվում է, որ այդ հայտարարությունը ճիշտ չհասկացվի։
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը՝ Ռուսաստանի խորքում արևմտյան զենքով հնարավոր հարվածների հետևանքների մասին, հասել է իր հասցեատերերին»,- մասնավորապես, ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ ճեպազրույցի ժամանակ։
«Մենք կասկած չունենք, որ հայտարարությունը հասել է հասցեատերերին։ Հայտարարությունը, որն արել է Վլադիմիր Պուտինը, շատ կարևոր է։ Այն շատ հստակ է, միանշանակ է և տարընթերցումների տեղիք չի տալիս»,- ասել է Պեսկովը։