13/09/2024 22:16
Ծնկի ցավն աշնանը. Ուղեկցող ախտանշաններ
Ծնկացավը տարածված գանգատ է, որը հանդիպում է բոլոր տարիքի մարդկանց մոտ: Այն կարող է սրվել աշնանը։
Ծնկների ցավը կարող է լինել վնասվածքի հետևանք, օրինակ՝ կապանի պատռվածք կամ աճառի մաշվածություն: Առողջական վիճակները և հիվանդությունները, ինչպիսիք են հոդաբորբը (արթրիտ), պոդագրան (հոդատապ) և վարակները, նույնպես կարող են ծնկացավ առաջացնել:
Ծնկների թեթև ցավերի բազմաթիվ տեսակների դեպքում ինքնօգնության միջոցները կարող են տալ բավարար արդյունքներ: Ֆիզիոթերապիան և ծնկակալները նույնպես կարող են օգնել ցավի թեթևացմանը: Որոշ դեպքերում, սակայն, ծնկահոդի խնդիրը կարող է պահանջել վիրաբուժական վերականգնում:
Ծնկացավի տեղակայումը և ծանրության աստիճանը կարող են տարբեր լինել՝ կախված խնդրի պատճառներից:
Գանգատներն ու ախտանիշները, որոնք երբեմն ուղեկցում են ծնկի ցավին, ներառում են՝
այտուց և կարկամություն, իսկ ծանր դեպքերում՝ ծնկահոդի անշարժացում,
կարմրություն և տաքություն՝ հպվելիս (տեղային ջերմություն),
թուլություն կամ անկայունություն, երբ կարծես ձեր ծունկը ետ է մնում քայլքից,
ճրթճրթոց կամ ճռճռան ձայներ (կրեպիտացիա),
ծունկն ամբողջությամբ ուղղելու (տարածելու) անկարողություն:
Անհրաժեշտ է դիմել բժշկի, եթե նկատում եք, որ՝
չեք կարող ծանրություն կրել ձեր ծնկան վրա կամ այնպիսի զգացողություն ունեք, կարծես ձեր ծունկն անկայուն է կամ տեղից դուրս է գալիս,
ունեք ծնկան շրջանի զգալի այտուց,
չեք կարողանում ամբողջությամբ տարածել կամ ծալել ձեր ծունկը,
տեսնում եք ձեր ոտքի կամ ծնկան ակնհայտ ձևափոխում (դեֆորմացիա),
ունեք ջերմություն՝ ի լրումն կարմրությանը, ծնկաացավին և այտուցին,
ունեք ուժեղ ծնկացավ, որը կապված է վնասվածքի հետ:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն