13/09/2024 15:51
1 բրոնզե մեդալ՝ արհեստական բանականության առաջին միջազգային օլիմպիադայից
ՀՀ դպրոցականները 1 բրոնզե մեդալ են նվաճել արհեստական բանականության (ԱԲ) առաջին միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է սեպտեմբերի 8-12-ն Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքում:
Օլիմպիադային մասնակցել է 25 երկրի 90 աշակերտ. յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4 աշակերտ։
Օլիմպիադային Հայաստանի թիմը ներկայացրել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Էդուարդ Արզումանյանն ու 10-րդ դասարանի աշակերտ Սևակ Եգորյանը, ԵՊՀ «ՍԹԵՄ» ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Հովհաննես Բաղրամյանը և Գյումրու «Ֆոտոն» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Գևորգ Գրիգորյանը։ ՀՀ թիմից բրոնզե մեդալի է արժանացել «Ֆոտոն» վարժարանի սան Գևորգ Գրիգորյանը, իսկ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի սաներ Էդուարդ Արզումանյանը ու Սևակ Եգորյանը՝ գովասանագրերի։
Օլիմպիադան անցկացվել է 2 փուլով՝ տեսական և գործնական։
Հայաստանի թիմը ղեկավարել են Արթուր Ավագյանը (ԵՊՀ Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի գործադիր տնօրեն) և Մհեր Երզնկյանը («Բույմիե» ընկերության արհեստական բանականության ինժեներ)։